Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդեն հաստատված կարգը ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքներին

14.06.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդեն հաստատված կարգը, ծրագրով նախատեսված քայլերն ու դրանց հերթականությունն այսօր ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքներին։
Հանդիպմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, Միասնական սոցիալական ծառայության պատասխանատուներ, շահագրգիռ այլ անձինք։
Աննա Մարտիկյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է ներկաներին և նշել, որ Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները օր առաջ բնակարանամուտ տոնեն և անցնեն իրենց բնականոն կյանքին, իսկ Շիրակի մարզպետի աշխատակազմը մշտապես պատրաստ է լիազորությունների շրջանակում լսել, սատար կանգնել և աջակցել Շիրակում բնակություն հաստատած բոլոր ընտանքիներին։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ հաստատված կարգից օգտվելու մանրամասները։
Ըստ կարգի՝ դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։ Միջոցառումն իրականացվում է 3 փուլով։
Ծավալվել է կառուցողական քննարկում, պատասխանատուներն անդրադարձել են բնակարանային ապահովման ծրագրով նախատեսված առանձին դրույթներին, ծրագրի իրականացման փուլերին, պատասխանել ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին։
Նշենք, որ հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի։
Շիրակի մարզում այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3664 քաղաքացի է բնակվում՝ 1011 ընտանիք։ Գյումրիում բնակվում է 2549 քաղաքացի՝ 677 ընտանիք։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20