Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը «Լոֆթ Գյումրիում» ներկա է գտնվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպմանը

19.06.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր «Լոֆթ Գյումրիում» ներկա է գտնվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպմանը:
Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ Կառավարության և «Լոֆթ» ՀԿ-ի համագործակցությամբ իրագործվող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը մասնակցել են նաև Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Գայանե Գալոյանը, ՄՍԾ տարածքային կենտրոնի աշխատակիցներ։
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին՝ կարևորելով այսօրինակ միջոցառումների անցկացումն ու անմիջական շփումները․ «Շիրակի մարզում հաստատվելու առաջին իսկ օրից մեզ համար սկզբունքային է եղել ձեզ հետ անհատական աշխատանքը, բոլորիդ առանձին լսելն ու խնդիրների լուծման համար օր առաջ քայլեր ձեռնարկելը։ Հանդիպումներ բազմիցս շատերիդ հետ ունեցել ենք, որոնք եղել են շարունակական, այցելել ենք համայնքներ, բնակավայրեր, մեր աշխատանքային խմբերը մինչ օրս էլ տնայցեր են ունենում, որոնց նպատակն անմիջական շփումներն ու ձեզ լսելն է։ Շատերիդ անձամբ եմ ճանաչում, մեր մարզում բնակություն հաստատած շատ ընտանքիների հետ մարզպետի աշխատակազմն արդեն վաղուց բարեկամացել է։ Մեր այս հանդիպմանն էլ սիրով եմ եկել, քանի որ այն ևս մեկ հնարավորություն է լսել ձեր մտահոգություններն ու անհանգստացնող հարցերը, փորձել տալ սպառիչ պատասխաններ, միևնույն ժամանակ ձեզ տեղեկացնել Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Գաղտնիք չէ, որ Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացման համար, մշակվել և իրականացվում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք միտված են սոցիալական, առողջապահական, կրթական ու բնակարանային խնդիրների լուծմանը»։
Մարզպետն անդրադարձել է «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 -Լ որոշմանը»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ ներկայացնելով դրանից օգտվելու կարգի, գործընթացում ճիշտ քայլերի, Շիրակի մարզում օգտվելու հնարավորությունների, բնակավայրերում նախատեսված գումարի չափի և այլ անհրաժեշտ տեղեկությունների, որոնք հետաքրքրել են ներկաներին։
Մուշեղ Մուրադյանը վստահեցրել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է աջակցելու բոլոր ընտանիքներին, որպեսզի կարողանան բնակարան ձեռք բերել հենց Շիրակի մարզում։
Միասնական սոցիալական ծառայության պատասխանատուների կողմից ևս ներկայացվել են կառավարության կողմից հաստատված բնակապահովման ծրագրին առնչվող մանրամասներ, պարզաբանվել է առցանց դիմումների ընդունման գործընթացը, անդրադարձ է կատարվել մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման պետական աջակցության ծրագրերին։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել հուզող հարցերը, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ։
Հանդիպման ավարտից հետո Մուշեղ Մուրադյանը շփվել է նաև անհատական, առանձին հարցեր ունեցող բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները՝ վստահեցնելով, որ լիազորությունների շրջանակներում կանի հնարավորը բարձրացված խնդիրներին լուծում տալու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52