Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Արթիկ համայնքում
20.06.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այսօր եղել է Արթիկ համայնքում, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ դիտարկվել է «Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում՝ ասֆալտապատման միջոցով» ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 254 մլն 537 հազար դրամ է։ Շինաշխատանքները նախատեսված է ավարտել նոյեմբերին, երաշխիքային սպասարկման ժամկետը 3 տարի է։
Աննա Մարտիկյանը պատասխանատուներին հորդորել է լինել առավել ուշադիր, իսկ շինարարին՝ բացառել թերացումներն ու ձգձգումները՝ փոխանցելով մարզպետի հանձնարարականը՝ անել հնարավորը պետական միջոցները նպատակային ծախսելու համար։
Մշտադիտարկման աշխատանքային խումբը հետևել է նաև «Արթիկ համայնքի Լեռնակերտ, Գեղանիստ, Հոռոմ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ և Հայրենյաց բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» ծրագրով իրականացված աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր գումարը 183 մլն 250 հազար դրամ է։ Կանցկացվի շուրջ 10 կմ գազատար։