Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի պատասխանատուներին
21.06.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի պատասխանատուներին՝ ղեկավար Օլգա Վայգելի գլխավորությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի թիրախային մարզ համարվող Շիրակում առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, կարևորել Շիրակի մարզում իրականացվող ցանկացած ծրագիր, որը միտված է բնակավայրերում բնակչության կենսապայմանների բարելավմանն ու զարգացմանը․ «Ծրագիրն ինքնին շատ նախընտրելի ուղղություն է ընտրել, մեզ համար շատ կարևոր է համայնքների, բնակավայրերի և տնային տնտեսությունների էներգաարդյունավետության բարձրացումը, կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությունը, քանզի այն նախադրյալ կդառնա համայնքային զարգացման և գյուղական բնակչության բարեկեցության և էներգետիկ անվտանգության համար: Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ ծրագրի իրականացման ընթացքում որևէ խոչընդոտ բացառելու, կազմակերպչական աշծատանքներին աջակելու համար»։
Ծրագրի ղեկավար Օլգա Վայգելն ու թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը շնորհակալություն են հայտնել մարզպետին անմիջական ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ ծրագիրը նպատակ ունի ապահովել թե բնակավայրերի ընդհանուր, թե առանձին տնային տնտեսությունների էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով բնական պաշարների պահպանությանը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, առաջիկա նախաձեռնություններին առնչվող հարցերի։
Նշենք, որ 12,3 մլն եվրո արժողությամբ վերջերս մեկնարկած ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագրծակցության ընկերության կողմից՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և նպատակ ունի Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող գյուղական համայնքներին հնարավորություն տալ օգտագործել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժը կայուն, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ զարգացման համար, ինչպես նաև աջակցել վերականգնվող էներգիային և էներգաարդյունավետությանն ուղղված հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ տնային տնտեսությունների և փոքր ձեռնարկությունների մակարդակում: