Նորություններ
Գյումրիում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն
25.06.2024
Գյումրիում այսօր անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։
Ուսումնավարժության մասնակիցներին ողջունել և դրա կարևորության մասին է խոսել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․ «Մենք այսօր չափազանց կարևոր միջոցառման ենք մասնակցում՝ մի ուսումնավարժանքի, որի թեման մեզանից շատերին տանում է տասնամյակներ ետ և հիշում ենք մեր գլխով անցած ծանր աղետը։ «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժության անցկացումը շատ հատկանշական է Շիրակի մարզի համար, քանի որ մենք ականատեսն ենք եղել ու անցել ենք այն բոլոր փորձությունների միջով, որոնք բերեց 1988 թվականի աղետալի երկրաշարժը։ Ինչպես գիտեք, այդ ժամանակ ամբողջ հանրապետությունն ու բազմաթիվ երկրներից Հայաստան ժամանած փրկարարական ու շինարարական խմբերը հսկայածավալ աշխատանք կատարեցին՝ մարդկային կյանքեր փրկելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Այսօր, մենք բոլորս, որպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, առավել քան պարտավորված ենք լինել զգոն, պատրաստված, ունենալ համապատասխան գիտելիքներ ու կարողություններ, քանզի հանդիսանում ենք մեր ազգաբնակչության պաշտպանվածության ու անվտանգության երաշխավորն ու պատասխանատուն։
Իսկ պաշտպանվածությունը պետք է դառնա մշակույթ, հմտություն, կարողություն, քանի որ միայն այն դեպքում է նվազում ռիսկը, երբ պատկան մարմիններն ու քաղաքացիները իմացածը կիրառեն հավուր պատշաճի:
Այս ուսումնավարժությունը շատ լավ հնարավորություն է մեկ անգամ ևս ստուգելու և կատարելագործելու արտակարգ իրավիճակների դեպքում մարզպետի աշխատակազմի, պետական կառավարման մարմինների, համայնքապետարանների, արձագանքող ստորաբաժանումների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի միջև համագործակցությունը, տեղեկատվության փոխանակմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ հմտություններն ու ունակությունները: Շնորհակալություն եմ հայտնում ուսումնավարժանքի կազմակերպիչներին, աջակիցներին»։
Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլերով։ Ըստ ուսումնավարժության ելակետային իրավիճակի, համաձայն ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալների հունիսի 25-ին Գյումրուց 11,6 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ։ Ընդհանուր առմամբ, ըստ ուսումնավարժանքի տվյալների, երկրաշարժի գոտում հայտնվել է 62 բնակավայր։ Այս իրավիճակով պայմանավորված կազմակերպվել է ուսումնավարժանքի անցկացման ողջ գրաֆիկը և ուժեղ երկրաշարժից հետո ըստ արտակարգ իրավիճակների գործողության պլանի ձևավորվել են արագ արձագանքման 14 խմբեր։
Շտաբային ուսումնավարժության նպատակը ուսումնավարժության մասնակիցների ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման, ինչպես նաև աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում տեսական հմտություններն ու ունակությունները կատարելագործելն է եղել։
Նշենք, որ ուսումնավարժության անցկացումը նպատակ ունի կատարելագործել նաև Շիրակի մարզի բնակչության պաշտպանության համակարգի բոլոր հնարավոր շահառուների՝ պետական կառավարման համակարգի մարմինների և թիրախային խբերի միջև արդյունավետ համագործակցությունը։