Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու Կամերային դահլիճում տեղի է ունեցել «Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանի» բարեգործական համերգ

25.06.2024

 Գյումրու Կամերային դահլիճում, հունիսի 24-ին տեղի է ունեցել «Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանի» բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվել է Հայկական Կարիտասի Տնային խնամք ծրագրի շահառուների առաջնային կարիքները հոգալու համար:
Նախաձեռնությանը, որպես աջակից, միացել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ կարևորելով կարիքավոր ընտանիքներին տրամադրվող ծառայություններն ու նրանց սատար կանգնելու ձեռնարկների իրականացումը։
Ի նշան երախտիքի՝ «Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանի» բարեգործական համերգին աջակցություն ցուցաբերելու համար, Շիրակի մարզպետի աշխատակազմին «Հայկական Կարիտաս» ընկերությունը /Armenian Caritas/ հանձնել է շնորհակալագիր՝ ընդգծելով, որ ներդրումը կարևոր նշանակություն է ունեցել նախաձեռնության հաջողության համար։
Համերգի նախաձեռնությունը խորվաթ դաշնակահար, կլավեսինահար ու երգեհոնահար Էվա Կիրխմայեր-Բիլիչիինն է եղել։ Համերգին մասնակցություն են ունեցել նաև Խորվաթիայում հայտնի տենոր Ստյեպան Ֆրանետովիչը և դաշնակահարուհի Արփի Վարդանյանը։
Դասական երաժշտության երեկոյի ընթացքում հնչել են հայկական, խորվաթական ու արևմտաեվրոպական երաժշտական ժառանգության կատարումներ։
Նշենք, որ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն 2002 թվականից իրականացնում է տարեցների սոցիալական պաշտպանության և աջակցության ծրագրեր։ Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար «Տնային խնամքի» ծրագրեր իրականացվում են ՀՀ Շիրակի, Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերում՝ ներառելով շուրջ 300 շահառուների։ Տնային պայմաններում ծառայությունները տրամադրվում են ՀՀ պետական չափորոշիչներին և շահառուի կարիքներին և Անհատական սոցիալական ծրագրին համապատասխան։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել հասարակության մեջ դրական սոցիալական փոփոխություններին` տնային պայմաներում տրամադրելով կայուն խնամքի ծառայություններ խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52