Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը

28.06.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել է 2024թ․ առաջին կիսամյակի ընթացքում մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը։ Մարզպետին է զեկուցվել, որ վեց ամիսների ընթացքում ֆինանսավորվել է 13 ծրագիր՝ 20 ենթածրագրով, ընդհանուր 1 մլրդ 640 մլն դրամ արժողությամբ, Կառավարությունը հատկացնելու է գումարի 57․6 տոկոսը։
Մուշեղ Մուրադյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը․ «Բազմիցս անդրադարձել եմ այս հարցերին, կրկին կնշեմ, որ սուբվենցիոն ծրագրերի վերահսկողությունը թե մեր, թե համայնքների ուղիղ պարտականությունն է, մեր համատեղ աշխատանքով պետք է կարողանանք անել հնարավորը բոլոր ծրագրերն առանց թերացումների և ուշացման ավարտելու համար»։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել 2024թ․ առաջին կիսամյակի ընթացքում մարզի համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին:
«Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները խոսում են համայնքի, բնակավայրերի վարչական պատասխանատուների աշխատանքի և հոգացավության մասին, առաջիկայում մարզի խորհրդի նիստ ունենք և անցած վեց ամիսների ցուցանշների վերլուծությունը պետք է որևէ մեկիս մտահոգվելու առիթ չտա, այդ գումարները հենց համայնքին են պետք, այնպես որ հորդորում եմ բոլորիդ առավել շատ ջանքեր գործադրել, որպեսզի ունենանք բարձր կատարողական»,- նշել է Շիրակի մարզպետը։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին, ըստ այդմ իրականացվել է 13158 հա աշնանացան և 20766 հա գարնանացան հացահատիկի ցանք, «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում շահառուների հետ կնքվել է ծրագրի մասնակցության 1568 պայմանագիր` շուրջ 6000 հա ցանքատարածության համար։
Մարզում անասնահամաճարակային վիճակը կայուն է։
ԼՂ-ից բռնի տեղահանված և մարզի համայնքների բնակավայրերում բնակություն հաստատած ընտանիքների հետ աշխատանքին անդրադառնալով՝ Մուշեղ Մուրադյանը թե աշխատակազմի պատասխանատուներին, թե համայնքների ղեկավարներին ևս մեկ անգամ հորդորել է լինել հնարավորինս հոգատար և հետևողական՝ նշելով, որ ինքն անձամբ պատրաստ է լիազորությունների շրջանակում անել հնարավորը բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու և սատար կանգնելու համար։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև վարժական հավաքների և ամառային զորակոչի, մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ավարտական քննությունների, առողջապահական հաստատություններում կատարված աշխատանքների ընթացքին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20