Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին
03.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:
Մարզպետը ողջունել է դեսպանին՝ նշել, որ սիրով է հյուրընկալում Պետր Պիրունչիկին և ներկայացրել Շիրակի մարզն ու պատմել մարզի հնարավորությունների, առանձնահատկությունների և ներուժի մասին․ «Շիրակի մարզն աչքի է ընկնում յուրահատուկ հումորով, հյուրասիրությամբ, մշակույթի, արհեստի ու արվեստի նկատմամբ սիրով։ Իմ հայրենի մարզը մեծ ներուժ ունի, որի շատ քիչ մասն է բացահայտված, բայց ՀՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում մարզի զարգացման համար։ Թերևս փոքրիկ բացթողում է, որ Շիրակի մարզի ու մեր համայնքների հետ չեխական որևէ քաղաքի ու շրջանի միջև համագործակցություն դեռ չունենք, վստահ եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք նաև այդ բացթողումը շտկել։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը»։
Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է մարզպետի անմիջական վերաբերմունքով․ «Պարոն մարզպետ ուրախ եմ ձեզ հանդիպելու համար, ուրախ եմ նաև, որ նույն կերպ ենք մտածում, երբ խոսքը համագործակցության ամրապնդման ու ապակենտրոնացմանն է առնչվում։ Ձեզ հետ հանդիպումից հետո առավել ոգևորությամբ հենց Շիրակում կնախաձեռնենք մի շարք միջոցառումներ, որոնց մասին արդեն դեսպանատանը քննարկել ենք, ինքս էլ կփորձեմ անել հնարավորը համագործակցության նոր շրջանակներ գտնելու համար»։
Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձել՝ քույր քաղաքներ ունենալուն, ինչպես նաև Գյումրիում առաջիկայում մշակութային նախաձեռնություններ իրականացնելուն վերաբերող հարցերի։
Մարզպետը վստահեցրել է, որ լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դեսպանատան միջոցառումների իրականացմանն աջակցելու համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ և համատեղ ջանքերով հնարավոր է իրատեսական օրակարգի քննարկում և հստակ գործնական քայլերի մշակում։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։