Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի հանձնարարականով եղել է Անի համայնքում
03.07.2024
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի հանձնարարականով եղել է Անի համայնքում։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ աշխատանքային խումբը դիտարկել է Իսհակյանի մանկապարտեզի շենքը։ ՀՀ կառավարության 80 տոկոս համամասնությամբ «Իսահակյան բնակավայրի մանկապարտեզի շենքի նորոգում» սուբվենցիոն ենթածրագրի նախահաշվային արժեքը կազմում է 215 մլն 218 հազար դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 3 խմբի համար՝ 75 երեխա։ Ծրագիրը գտնվում է համալիր փորձաքննության փուլում։
Աշխատանքային խումբը եղել է Բագրավանում, «Անի համայնքի Բագրավան բնակավայրի մանկապարտեզի շենքի նորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 137 մլն 595 հազար դրամ, ՀՀ կառավարություն ը տրամադրելու է գումարի 80 տոկոսը։ Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար։ Շինարարական աշխատանքները կասեցվել են մարզպետի աշխատակազմի պատասխանատուների կողմից։ Ծրագիրը գտնվում է համալիր փորձաքննության փուլում։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները շրջայց են կատարել նաև Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում։ Փողոցները նորոգվում են մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում։ ՀՀ կառավարությունը դեռ մայիսին նորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 209 մլն 597 հազար դրամ, ևս 70 մլն 196 հազար դրամ էլ հատկացվել է Կառավարության նախորդ նիստին՝ աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով:
Մարզպետի տեղակալը շինարարների հետ զրույցում ընդգծել է, որ ամեն ինչ պետք է արվի շինարարության որակն ապահովելու համար՝ փոխանցելով մարզպետի հանձնարարականը՝ զերծ մնալ թերացումներից ու աշխատանքների անհարկի ձգձգումներից։