Նորություններ
Շիրակի մարզն ընդգրկվել է կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրում
05.07.2024
Շիրակի մարզն ընդգրկվել է կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրում
ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին:
Ըստ հիմնավորման՝ Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող 3 մլն ԱՄՆ դոլար բյուջեով դրամաշնորհը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:
Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու մարզերի վրա՝ Շիրակի և Տավուշի, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ:
Ըստ այդմ՝ տասը գյուղերի կտրամադրի կլիմայադիմացկուն էներգետիկ լուծումներ, որոնք, էներգիայի ծախսերը նվազեցնելու և խնայողությունները ավելացնելու միջոցով, ուղղված կլինեն համայնքներում խնայողությունների վերաներդրմանը՝ աջակցելով կայուն գյուղատնտեսությանը, կաջակցի գյուղական համայնքներում կենսամակարդակի բարձրացմանը կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական եկամտաբեր ծրագրերի միջոցով, կնպաստի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ կլիմայի հարմարվողականության պլանավորմանն աջակցելու և գյուղատնտեսության ոլորտում կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր մշակելու համար: