Նորություններ
Արթիկում տեղի է ունեցել մարզի խորհրդի արտագնա հերթական նիստը
09.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր Արթիկում տեղի է ունեցել մարզի խորհրդի արտագնա հերթական նիստը, որին մարզպետի աշխատակազմից, համայնքների և վարչական ղեկավարներից զատ, մասնակցել են տեսչական մարմինների, ուժային կառույցների, առողջապահական հաստատությունների ղեկավարները։
«Մեզ համար առաջնային ու կարևոր է մարզի բոլոր համայնքների խնդիրներին տեղում ծանոթանալն ու պատասխանատու բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը, քանզի այդ կերպ կկարողանանք անել հնարավորը մեր համայնքների ու բնակավայրերի զարգացման ու խնդիրների օր առաջ լուծման համար»,- նիստի մեկնարկին նշել է Շիրակի մարզպետը ։
Մարզխորհրդի օրակարգային առաջին հարցը վերաբերվել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024 թվականի 1-ին կիսամյակի կատարողականին, որը զեկուցել է աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։
Ըստ այդմ, 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 86.3 %-ով, թերակատարումը կազմել է 13.7%։
Մարզպետն անդրադառնալով սեփական եկամուտների կատարողականին՝ ընդգծել է, որ այս հարցում առավել խիստ է լինելու և որևէ թերացում չի ընդունելու․
«Բոլոր համայնքներն աշխատանքում յուրաքանչյուր օր հետևողականություն ու աչալրջություն պետք է դրսևորեն, քանի որ սեփական եկամուտների հավաքագրումն ուղիղ պարտականություն լինելուց զատ, նշանակում է համայնքում իրականացվող նոր ծրագիր, համայնքի զարգացմանը միտված նոր նախաձեռնություն։ Շատ կարևոր է, որ հետևողական լինեն նաև վարչական ղեկավարները, չպետք է անգործություն դրսևորեն, այն վարչական ղեկավարը, ով իր բնակավայրի բարկեցության մասին չի մտածում, չի բարձրաձայնում խնդիրների մասին՝ լուրջ մտածելու տեղիք է տալիս։ Ինչ վերաբերում է անպարտաճանաչ հարկ վճարողներին, ապա հորդորում եմ համայնքների ղեկավարներին լինել առավել խիստ և ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր քայլերը»,- նշել է Շիրակի մարզպետը՝ առանձին-առանձին լսելով համայնքների ղեկավարներին։
Նշենք, որ սեփական եկամուտներն ամենաբարձրը կատարել են Անի և Արթիկ համայնքները։
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերվել է Շիրակի մարզում 2024թ․ առաջին կիսամյակի ընթացքում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։
Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի զեկուցմամբ, 2024 թվականին մարզում ֆինանսավորվել է 13 ծրագիր (20 ենթածրագիր), որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 640 մլն 466 հազար, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը՝ 944 մլն 437 հազար դրամ՝ 57.6%։ 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 165 ենթածրագրերով, որի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 131մլն դրամ։
2025 թվականի համար ներկայացված բոլոր սուբվենցիոն ծրագրային հայտերը հաստատվել են՝ 41 ծրագիր (186 ենթածրագիր), որի ընդհանուր արժեքը կազմում է 13 մլրդ 582մլն դրամ։
«Հետևողական և աչալուրջ պետք է լինենք յուրաքանչյուր ծրագրի, աշխատակազմում ձևավորված մշտադիտարկաման աշխատանքային խումբը պատրաստ է այցելելու շինօբյեկտներ, աշխատանքերը կիրականացվեն նոր մոտեցումներով։ Չնայած այսքան հսկողությանը, ամենօրյա աշխատանքին, տարբեր համայնքներում անորակ շինարարություն ունենք, խոսքս թե սուբվենցիոն ծրագրերի մասին է, թե դպրոցաշինության, թե հրատապ ծրագրերի։ Հորդորում և պահանջում եմ ևս մեկ անգամ թե համայնքների ղեկավարներին, թե վարչական ղեկավարներին և թե բոլոր պատասխանատուներին լինել առավել զգոն, քանզի ցանկացած շինարարություն, ցանկացած ենթակառուցվածք ձեր համայնքի համար է, մնալու է համայնքում և ծառայելու է հենց ձեզ»,- ընդգծել է Մուշեղ Մուրադյանը։
Մարզի խորհրդի նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և առաջիկա ծրագրերին, ոռոգման պատշաճ կազմակերպման ուղղությամբ իրականացվող գործընթացներին։
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի խոսքով, կատարվել է 20766 հա գարնանացան ցորենի ցանք։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում շահառուների հետ կնքվել է ծրագրի մասնակցության 1568 պայմանագիր` շուրջ 6000 հա ցանքատարածության համար։ Խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրը կնքվել է ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում՝ խոշոր խեցգետնաբուծական համալիր հիմնելու նպատակով։
Պայմանագրով նախատեսվում է Ողջի բնակավայրում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր, որը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին։ Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին վերաբերող հարցերին և իրականացված աշխատանքներին։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանի զեկուցմամբ, ընթացիկ տարում իրավական հսկողության իրականացում նախատեսված է Աշոցք, Ախուրյան և Անի համայնքներում։ Աշոցքում իրավական հսկողությունն արդեն իսկ ավարտվել է և արձանագրված թերությունների և խախտումների վերաբերյալ արձանագրությունը ուղարկվել է համայնք՝ դրանք քննարկելու և վերացնելու նպատակով։ Ախուրյան և Անի համայնքներում հսկողությունն իրականացվելու է համապատասխանաբար 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում։ Հուլիսի 8-ից մեկնարկել են Գյումրու և Ախուրյանի համայնքապետարանների 60 համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները, որոնք անցկացվում են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից։ Ընթացիկ տարվա ընթացքում կվերապատրաստվեն Արթիկի, Աշոցքի և Ամասիայի համայնքապետարանների ևս 40 համայնքային ծառայողներ։
Մարզում 2024-ին իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերին և հողաշինության բնագավառին է անդրադարձել Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ ՀՀ Շիրակի մարզում իրականացվում են 8 ճանապարհաշինական ծրագրեր, որից 6-ը՝ 49.9 կմ երկարությամբ շուրջ 5 մլրդ դրամ գումարի շրջանակներում, 2-ը՝ 15.9 կմ երկարությամբ շուրջ 2.3 մլրդ դրամ գումարի շրջանակներում։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզ տեղափոխված հայրենակիցներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքների մասին է խոսել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։
Հուլիսի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3656 քաղաքացի՝ 1006 ընտանիք։ Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակել են 632 աշակերտ։
Շիրակի մարզի 24 բուժհաստատություններում հաշվառվել է 2976 քաղաքացի, որից դեղորայք է ստացել, ստացիոնար բուժման և լաբորատոր-գործիքային հետազոտության է ուղեգրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 969 քաղաքացի։
Բռնի տեղահանվածների հետ հանդիպումներն ու այցելությունները շարունակական բնույթ են կրում։
«Բազմիցս եմ նշել, այս անգամ էլ ուզում եմ ընդգծել, որ մեր բոլորի աշխատանքում առաջնային ու կարևոր ուղղություն պետք է լինի բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին լսելը, աջակցելը։Կոչ եմ անում բոլոր համայնքներում ձևավորել աշխատանքային խմբեր մեր հայերակիցներին անհրաժեշտ տեղկատվություն տրամադրելու նպատակով»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։