Նորություններ
Ողջի բնակավայրում հիմնվելու է շուրջ 300 մլն դրամի խոշոր խեցգետնաբուծական համալիր
15.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այցելել են Ամասիա համայնքի Ողջի բնակավայր, որտեղ «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակներում մեկնարկել են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։
Մարզպետի տեղակալը շրջել է տարածքում, ծանոթացել շինարարության ընթացքին, հետաքրքրվել աշխատանքների տեմպերից ու որակից։
Խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրը կնքած անհատ ձեռներեց Կարինե Թորոսյանը վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի սեղմ ժամկետներում խեցգետնաբուծական համալիրը հնարավոր լինի շահագործել։
Պայմանագրով նախատեսվում է Ողջի բնակավայրում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր, որը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին։
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից։