Նորություններ
Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ
16.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին, նախորդ տարիներից 2024 տեղափոխված ծրագրերի ընթացքին ու խնդիրներին առնչվղ հարցեր․
«Պետություն-համայնքներ համագործակցության լավագույն միջոց հանդիսացող այս ծրագրերով համայնքները հնարավորություն են ստանում առավել քիչ միջոցներ ծախսելով լուրջ խնդիրներ լուծել, մնում է յուրաքանչյուր պատասխանատու կառույց, յուրաքանչյուրս մեր տեղը լինենք զգոն, հետևողական և հոգատար։ Սուբվենցիոն ծրագրերի նպատակային, անխոչընդոտ, առանց թերացումների և ժամկետների մեջ իրականացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, քանզի կառավարությունը ջանք չի խնայում համայնքային խնդիրներին օր առաջ լուծում տալու համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ նախ քննարկվել են անցած երկու տարիներից 2024 տեղափոխված սուբվենցիոն ծրագրերը, անդրադարձ է կատարվել դրանց ձգձգման պատճառներին ու առաջացած խնդիրներին, ձեռնարկված քայլերին ու առաջիկա անելիքներին։
Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2024 թվականին հավանության է արժանացել 14 ծրագիր՝ 2 մլրդ 816 մլն 735 հազար դրամ արժողությամբ։
Նոր ներկայացված փաթեթներին անդրադառնալով՝ մարզպետը նշել է, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել խմելու և ոռոգման ջրին առնչվող ծրագրերին․«Մեր երկրում ջուրն անվճար է, բնակիչները վճարում են միայն սպասարկման վճար, հաշվի առնելով ոռոգման և խմելու ջրերի համակարգերի անցկացման կարևորությունը, հորդորում եմ շեշտը դնել այս ծրագրերի վրա»։
Մարզպետն անդրադարձել է նաև հետաձգված ծրագրերին, նշել, որ դրանք պետք է կոնկրետացվեն, քննարկվի նպատակայնությունը, բովանդակությունն ու կարևորությունը, որպեսզի պետության և համայնքի միջոցները ծախսվելուց հետո ակնկալվող արդյունքը սպասվածը լինի։
Հանդիպման օրակարգային հաջորդ հարցը վերաբերվել է հուլիսի 27-ին Գյումրիում կայանալիք «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին համայնքների պատշաճ մասնակցությանը, մարզ այցելած հյուրերին զբոսաշրջային վայրեր ուղղորդելուն, համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին տաղավարներ տրամադրելուն, կազմակերպչական այլ հարցերի։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքային ծրագրերի իրականացմանն առնչվող այլ խնդիրների ևս։