Նորություններ
Ընթացքի մեջ են պատմաճարտարապետական ու հոգևոր ամենաարժեքավոր կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանության աշխատանքները
17.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում, որտեղ ընթացքի մեջ են պատմաճարտարապետական ու հոգևոր ամենաարժեքավոր կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանության աշխատանքները։
Շինարարը մարզպետի տեղակալին է ներկայացրել արդեն իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոնի» պատվիրատվությամբ՝ ԱՄՆ դեսպանության «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող տաճարի հիմքերի ամրակայման աշխատանքները մեկնարկել են գարնանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 495 մլն դրամ գումար։ Առաջին փուլի աշխատանքներն իրականացնելու համար հիմնադրամը 55 մլն դրամի կոնսերվացման դրամաշնորհ է հատկացրել պատերի ամրացումների, քայքայված քարերի փոխարինման, ջրահեռացման համակարգի ապահովման, հուշարձանի տարածքի բարելավման և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորման համար։