Նորություններ
Շիրակի մարզպետն այցելել է «Կապսի միջնակարգ դպրոց» և Կապսի ջրամբար
22.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այցելել է «Կապսի միջնակարգ դպրոց»՝ դիտարկելու դպրոցի նոր շենքի վերջնական փուլում գտնվող աշխատանքների ընթացքը։
Մարզպետը շրջել է դպրոցում, զրուցել շինարարի հետ, տեղեկացել արված աշխատանքների մասին․«Մեր մոտեցումը դպրոցների շինարարությանը շարունակում է մնալ նույնը՝ աշակերտների համար օր առաջ ապահովել բարեկեցիկ միջավայր, որպեսզի հնարավոր լինի կրթական պրոցեսն առավել արդյունավետ կազմակերպել: Ուստի, ամեն ինչ պետք է արվի շինարարության որակն ապահովելու, թերացումներից ու աշխատանքների անհարկի ձգձգումներից զերծ մնալու համար»։
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
Վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ 40 մլն 901 հազար դրամ է նախատեսվել «Կապսի միջնակարգ դպրոցի» ավարտական աշխատանքների ապահովման համար։
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուների հետ այցելել է նաև Կապսի ջրամբարի տարածք, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ։
Պատասխանատուների հետ զրույցում մարզպետը կարևորել է համապետական նշանակություն ունեցող Կապսի ջրամբարի շինաշխատանքների տեմպերի պահպանումը։
Գերմանիայի ֆինանսական համագործակցությամբ KFW բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները սկսվել են նախորդ տարի։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 94.8 մլն եվրո։
60 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբարի կառուցման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և շուրջ 17000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։
Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։