Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի տնօրենին
23.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի տնօրեն հայր Մարիո Կուկարոլլոյին։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հայր Մարիո Կուկարոլլոյին, կարևորել հիվանդանոցի գործունեությունը մարզում. «Տիրամայր Նարեկ հիվանդանոցն այն կարևոր հաստատությունն է եղել անցած տասնամյակների ընթացքում, որտեղ բուժում են ստացել ոչ միայն Շիրակի հյուսիսի բնակիչները, այլ նաև Հայաստանի տարբեր մարզերից ու Ջավախքից եկած հիվանդները։ Մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը, վստահ եմ՝ համատեղ քննարկումների արդյունքում կկարողանանք գտնել նոր ուղիներ, հեռանկարային ծրագրեր, որպեսզի հիվանդանոցը բժշկական ծառայություններ մատուցի տարածաշրջանի առավել շատ ազգաբնակչությանը»։
Մարիո Կուկարոլլոն բարձր է գնահատել մարզպետի վերաբերմունքն ու առաջարկվող աջակցությունը հիվանդանոցին, նշել, որ վերջերս ծագումով շիրակցի, իտալահայ բժշկուհի Մարիամ Ստեփանյանը բժշկական խորհրդատվություն է տրամադրել հիվանդներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի կողմից ազգաբնակչությանը մատուցվող ծառայություններին, ընթացիկ ծրագրերին առնչվող այլ հարցեր ևս։