Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Ջրառատի, Կառնուտի, Բայանդուրի, Ախուրիկի մանկապարտեզներ

23.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր այցելել է Ախուրյանի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ, որի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։ 2021 թվականին մեկնարկած, երկու փուլից բաղկացած սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։
«Որևէ թերացում բացառելը մեզ համար խիստ կարևոր է, բոլորիս ջանքերը մեկտեղվել են մեկ նպատակի՝ բարեկեցիկ երկիր ունենալուն, ուստի պետական բյուջեից տրամադրված ցանկացած միջոց պետք է նպատակային ծախսենք և միասնական ջանքերով առաջ շարժվենք»,-նշել է մարզպետը։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։
Նշենք, որ Կառավարության որոշմամբ վերջերս 119 մլն 409 հազար դրամ էր հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակին։
 Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար:
Մարզպետը պատասխանատուների հետ հետևել է աշխատանքների ընթացքին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, որի 70 տոկոսը տրամադրել է պետությունը։
Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուներին հորդորել է մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող աշխատանքները, շինարարին էլ կոչ արել ապահովել դրանց անխափան ընթացքը։
Շիրակի մարզպետն այցելել է նաև Բայանդուր բնակավայր, որտեղ պետություն-համայնք համագործակցությամբ՝ 80 տոկոս ՀՀ կառավարության ներդրմամբ և համայնքի 20 տոկոս մասնակցությամբ, ավարտին են մոտենում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։
«Սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք իրական համագործակցության վկայությունն Է, երբեմն այդ համամասնությունը շատ ավելին է, քան համայնքի ներդրումը։ Անհրաժեշտ է խնայել պետությունից ստացված ցանկացած գումար, աշխատանքներն իրականացնել առանց թերացումների, բարձրորակ և նախանաշված ժամկետներում»,- նշել է մարզպետը։
2022 թվականին մեկնարկած, 2 փուլով իրականացվող այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 273 մլն 801 հազար դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և ունենալու է երկու խումբ՝ բոլոր հարմարություններով, ապաստարանով։ Երկրորդ փուլի աշխատանքների պայմանագրային արժեքը 116 մլն 660 հազար դրամ է կազմում։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մալաք» ընկերության կողմից, ավարտը նախատեսվում է 2025 թվականին։
Պատասխանատուների հաջորդ կանգառն Ախուրիկում է եղել, որտեղ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքը վերակառուցվել է որպես մանկապարտեզ։
Շիրակի մարզպետը շրջել և հետևել է իրականացված աշխատանքներին, հավաստիացել՝ արդյոք վերացվել են նախորդ այցի ժամանակ արձանագրված թերացումները։
2022 թվականին մեկնարկած այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 102 մլն 118 հազար դրամ, որից պետության համամասնությունը 70 տոկոս է։ Երկհարկանի շենքի առաջին հարկում գործելու է մանկապարտեզը՝ երկու խմբի համար, կից կառույցում ունենալու է տեխնիկական մաս և մարզադահլիճ, բույժքույրի սենյակ։ Երկրորդ հարկում լինելու է վարչական մաս, փոստ, խմբասենյակ, բուժկետ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20