Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է մենահամերգով Գյումրիում գտնցող Լոս Անջելեսի «Հայաստան» մշակույթի կենտրոնի հիմնադրին
26.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է մենահամերգով Գյումրիում գտնվող Լոս Անջելեսի «Հայաստան» մշակույթի կենտրոնի հիմնադիր Արման Վարդանյանին, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ Բորիս Գևորգյանի անվան «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարյանին, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, կարևորել օտար երկրում պարարվեստի դերն ու նշանակությունն ազգային, հայկական ինքնության պահպանման գործում․«Ուրախ եմ ձեզ հանդիպելու, օտար երկրում դուք անգնահատելի աշխատանք եք կատարում, ոչ միայն հնարավորություն եք տալիս պարի լեզվով խոսել աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների հետ, այլև ջանք ու եռանդ չեք խնայում հայապահանության, հայկական մշակույթը սփյուռքում տարածելու գործում։ Շիրակի մարզպետի աշխատակազմը ձեզ հետ սիրով կհամագործակցի և հնարավորությունների սահմաններում կաջակցի՝ իրականացնելու մեր մարզում նախանշված ցանկացած ծրագիր»։
Արման Վարդանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է կենտրոնի գործունեության մասին, որը պարից բացի արվեստի այլ ճյուղեր էլ է իր մեջ ներառում, խոսել է երեկ երեկոյան Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի ունեցած «Դեպի տուն Հայաստան» խորագիրը կրող համերգից, նշել, որ այն նվիրված է եղել կենտրոնի հիմնադրման 25-ամյակին։
Պարարվեստի հանրահռչակման, ներդրած նշանակալի ավանդի և նվիրումի համար Շիրակի մարզպետը պատվոգրով է պարգևատրել Լոս Անջելեսի «Հայաստան» մշակույթի կենտրոնի հիմնադիրներ Արման և Նաիրա Վարդանյաններին, կենտրոնի գեղարվեստական ղեկավարներ Տիգրան և Օվսաննա Վարդանյաններին։