Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը հետևել է Գյումրու պուրակներում իրականացվող աշխատանքներին
30.07.2024
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այսօր հետևել է Գյումրի քաղաքում իրականացվող «Կուրսկի» այգու (Բուլվարային թաղամաս), Գյումրեցի ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի անվան պուրակի (Թբիլիսյան խճուղու հարակից հատված) և Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի այգու մի հատվածի բարեկարգման աշխատանքների ընթացքին։
«Համայնքային երկու այգիների, մեկ պուրակի բարեկարգման և մեկ զբոսայգու կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 130 մլն 677 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 40 տոկոս է։ Այն իր մեջ ներառում է նաև Մովես Խորենացի փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգու կառուցման աշխատանքները։
Պատասխանատուները շրջել և ծանոթացել են իրականացված աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2024 թվականին։
Շինարարների հետ զրույցում Աննա Մարտիկյանը փոխանցել է Շիրակի մարզպետի հանձնարարականը՝ պետական և համայնքային միջոցները ծախսել նպատակային, աշխատանքները կատարել որակով և ժամանակին, արձանագրված բոլոր թերացումները և բացթողումները վերացնել սեղմ ժամկետներում։
Սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում Գյումրին կունենա շուրջ 22 հազար քառակուսի մետր բարեկարգ տարածք։