Նորություններ
Աշխատանքային շաբաթը մարզպետի աշխատակազմում ավարտվել է Շիրակի մարզպետի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությամբ
02.08.2024
Աշխատանքային շաբաթը մարզպետի աշխատակազմում ավարտվել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, աշխատակազմի պատասխանատուները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել է 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման և 2025-ի ծրագրային հայտերի ընթացքը։
Մարզպետին է զեկուցվել, որ վեց ամիսների ընթացքում ֆինանսավորվել է 16 ծրագիր՝ 23 ենթածրագրով, ընդհանուր 2 մլրդ 98 մլն 444 հազար դրամ արժողությամբ, որից ՀՀ կառավարությունը հատկացնելու է 1 մլրդ 182 մլն 83 հազար դրամը՝ գումարի 56․3 տոկոսը։
2025 թվականի համար ներկայացված բոլոր սուբվենցիոն ծրագրային հայտերը հաստատվել են՝ 41 ծրագիր 186 ենթածրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 13 մլրդ 582 մլն դրամ։
«Սուբվենցիոն ծրագրերի մշակման, կազմման ու ներկայացման հարցում համայնքները պետք է առավել հետևողական լինեն, ինքնանպատակ քայլերն ու ներկայացված փաթեթների իրականացման նկատմամբ անտարբերությունը խիստ անընդունելի է, նման վարքագիծը պետք է բացառել, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը պետք է հստակ նշանակի առաջնային լուծում պահանջող խնդիրների վերացում, համայնքային հիմնահարցերի լուծում։ Կրկնվելով ասեմ` շինարարության որակի ու ժամկետների մասով թերացումները անընդունելի են»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը, յոթ ամիսների ընթացքում մարզի համայքները սեփական եկամուտները կատարել են 87,6 տոկոսով։
Շիրակի մարզպետին է ներկայայացվել նաև 20 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գնումների գործընթացի մասին տվյալներ, ըստ որի բոլոր մանկապարտեզների համար մարզպետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ, ձեռք է բերվելու 7496 անվանում գույք։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին, ըստ այդմ՝ մարզի համայնքներում ակտիվ ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները, օգոստոսի 1-ի դրությամբ հնձվել է շուրջ 6200 հա աշնանացան ցորեն, 5000 հա գարնանացան գարի, 18 հա հատիկաընդեղեն, 50 հա բանջարեղեն և 35 հա կարտոֆիլ։
Խորհրդակցության հաջորդ հարցով քննարկվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքներին առնչվող հարցեր։
Այս տարի ամենամյա ծրագրով Հանքավանի «Արագած» ճամբարում երկու հերթափոխով՝ 20-ական օրով կազմակերպվելու է շիրակցի շուրջ 300 դպրոցականի ամառային հանգիստը: Պետական միջոցներով կազմակերպված ամառային հանգստի ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաները։
«Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում մեր երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար, մենք էլ մեր լիազորությունների շրջանակում պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երեխաների հանգիստը լիարժեք կազմակերպվի»,- նշել է Շիրակի մարզպետը։