Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենին
02.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանին և թանգարանի աշխատակիցներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Իսահակյան բնակավայրի վարչական ղեկավար Վահե Թադևոսյանը։
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել Իսահակյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին առնչվող հարցերի։
Տուն-թանգարանի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ջանքերով բանաստեղծի «Ալագյազի մանիները» պոեմի հիման վրա մուլտֆիլմ է նկարահանվել, որի առաջին ցուցադրությունը նախատեսվում է կազմակերպել ծննդավայրում՝ Իսահակյան բնակավայրում։
«Շատ ուրախ եմ, որ նման նախաձեռնությունով եք հանդես գալիս, առավել ևս ուրախ եմ, որ Մեծ Վարպետի 150-ամյա հոբելյանի միջոցառումների այսպես ասած մեկնարկը նրա ծննդավայրից կտանք։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է հնարավորությունների և լիազորությունների սահմաններում սատարելու ձեզ՝ միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու հարցում»։
Միջոցառման կազմակերպիչներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։
Արմենուհի Ավետիսյանը ներկայացրել է միջոցառման կազմակերպչական աշխատանքներին առչնվող մանրամասներ, քննարկվել են համերգային ծրագիր նախապատրաստելուն, միջոցառումն առավել ընդգրկուն դարձնելուն վերաբերող հարցեր։