Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն արտագնա խորհրդակցություն է անցկացրել Ախուրյանի համայնքապետարանում

05.08.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր արտագնա խորհրդակցություն է անցկացրել Ախուրյանի համայնքապետարանում՝ համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության սկզբում անդրադարձ է կատարվել 2024 թվականին Ախուրյան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Այս տարի համայնքը ներկայացրել է 17 ծրագիր 32 ենթածրագրով՝ շուրջ 4 մլրդ 470 մլն դրամի սահմաններում։ Հաստատվել է 6 ծրագիր 11 ենթածրագրով՝ ընդհանուր 1 մլրդ 347 մլն դրամի սահմաններում, Կառավարության մասնաբաժինը կազմում է 765 մլն դրամ։
Մուշեղ Մուրադյանը, խոսելով ավարտական փուլում գտնվող ծրագրերից, մասնավորապես, անդրադարձ է կատարել համայնքի մի շարք բնակավայրերում մանկապարտեզների կառուցման աշխատանքներին, ընդգծել է, որ գումարները պետք է ծախսվեն նպատակային, շինարարությունն իրականացվի որակով և ժամկետներում․ «Ախուրյանն ամենաշատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացրած համայնքն է Շիրակում 2024֊ին, 4.4 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է ներկայացվել, ինչը ողջունելի է, մնում է, որ դրանց իրականացման հարցում ևս լինենք նախաձեռնող ու պատասխանատու։ Հատկապես փաստաթղթային փաթեթների հստակ կազմման, շինարարական ու ժամկետներում տեղավորվելու առումով։ Այսօրվա անելիքը չպետք է վաղվան թողնել։ Պետական միջոցների ակնկալիք բոլորս ունենք, երբ խնդիր ունենք։ Ակնկալիք պետք է ունենանք նախ ինքներս մեզնից և չանենք սխալ հաշվարկներ, ծրագրերը պետք է ուղղվեն իրապես անհապաղ լուծում պահանջող խնդիրներին»։
Խորհրդակցության օրակարգային հարջորդ հարցն առնչվել է մանկապարտեզների աշխատելուն, ՀՈԱԿ-ների ձևավորմանը, պետական միջոցվերի հաշվին Ախուրյանի մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գնումների գործընթացին։
Կառավարության որոշմամբ՝ «Մինչև 2026թ․ 500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում, Շիրակի մարզպետի աշխատակազմին է հատկացրել 459 մլն 760 հազար դրամ՝ շինարարությունն ավարտված և 2024-ին ավարտվող 20 նախադպրոցական հաստատությունները գույքով ապահովելու համար։
20 նախադպրոցական հաստատություններից 11-ը Ախուրյան համայնքի ենթակայության են։ Բոլոր մանկապարտեզների համար Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում ձեռք է բերվելու 7496 անվանում գույք։ Ախուրյանի մանկապարտեզների համար ձեռք կբերվի 3284 անուն գույք՝ 199 մլն 263 հազար դրամ արժողությամբ։
«Դեռ մեկ-երկու ամիս առաջ մենք քննարկում էինք ՀՈԱԿ-ների ձևավորման հարցը, հիմա այդ խնդրի լուծմանը ոնց որ թե հասել ենք, պետք է անել հնարավորը, որ մանկապարտեզները, որոնք արդեն կառուցված են, չունենան նաև գործունեության մեկնարկի փաստաթղթային որևէ խնդիր և սկսեն աշխատելը։ Անհարկի ձգձգումներ կան, որոնք ինձ համար անընդունելի են, չկա որևէ հիմնավոր պատճառ, որ ՀՈԱԿ-ները սկսեն աշխատել, օր առաջ գործել։ Ես չեմ ընդունի որևէ կառույցի` ոչ մարզպետի աշխատակազմի, ոչ համայնքապետարանի, ոչ այլ պատասխանատու կազմակերպության հապաղելով աշխատելն ու չհիմնավորված քաշքշուկները»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Ախուրյան համայնքի կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը, ընթացիկ աշխատանքային այլ հարցերի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20