Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայր
06.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայր։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ Մուշեղ Մուրադյանը եղել է Հոռոմի մանկապարտեզում, որը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով։ Այն նախատեսված է 75 սանի համար և ունենալու է 3 խումբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 190 մլն դրամ։
Մարզպետը շրջել է շենքում, հետևել է աշխատանքների ընթացքին, արել դիտարկումներ, շինարարի հետ զրույցում կարևորել աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը․ «Որևէ թերացում բացառելը մեզ համար խիստ կարևոր է, բոլորիս ջանքերը մեկտեղվել են մեկ նպատակի՝ մեր երեխաների համար լուսավոր մանկություն ապահովելուն, ուստի միասնական ջանքերով պետք է առաջ շարժվենք, բացառենք անգամ աննշան բացթողումը»։
Հոռոմ բնակավայրում մարզպետը պատասխանատուների հետ այցելել է նորակառույց սառնարանային տնտեսություն, որի գործարկմամբ պայմաններ են ստեղծվել բնակավայրի ցանքատարածություններից ստացված բերքի պահպանման համար։ Նորաբաց սառնարանային տնտեսության տարողությունը շուրջ 200 տոննա է։
Մուշեղ Մուրադյանը կարևորել է սառնարանային տնտեսության նշանակային օգտագործումը, ինչի շնորհիվ կնվազի բերքի կորուստը, իսկ հաջորդող տարիներին բնակավայրի հողագործները հնարավորություն կունենան ավելացնել մշակաբույսերի ցանքատարածքները:
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի 80 տոկոս ներդրմամբ ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է կազմել, որից 22 մլն դրամը համայնքի ներդրումն է եղել։
Արթիկ համայնք աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետը դիտարկել է Վարդաքար բնակավայրի դպրոցին հարակից հատվածի ճանապարհի կառուցման աշխատանքները։ Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 ծրագրով, 12.8 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում տարածաշրջանի 6 բնակավայրեր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուջ 1 մլրդ 525 մլն դրամ։
Մարզպետն անդրադարձել է աշխատանքներում արձանագրված թերացումներին և նշել, որ դրանք պետք է լիարժեք վերացվեն ամենասեղմ ժամկետներում։
Շիրակի մարզպետի գլխավորությամբ պատասխանատուների հաջորդ կանգառը Փանիկ բնակավայրում է եղել, որտեղ ավարտական փուլում են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 165 մլն դրամ է, գումարի 45 տոկոսը հատկացվել է պետբյուջեից:
Նշենք, որ այս տարի Արթիկ համայնքը ներկայացրել է 7 ծրագիր 58 ենթածրագրով՝ շուրջ 1 մլրդ 565 մլն դրամի սահմաններում, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 967 մլն դրամ։ Հաստատվել է 3 ծրագիր 26 ենթածրագրով՝ ընդհանուր 819 մլն դրամի սահմաններում՝ 473 մլն դրամը կառավարությունն է տրամադրելու։