Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթացքի մեջ են Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքները

06.08.2024

 Համայնքային այցերի շրջանակում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքներին։
Փողոցները նորոգվում են մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում։ ՀՀ կառավարությունը դեռ մայիսին նորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 209 մլն 597 հազար դրամ, Կառավարության հունիսի 27-ի որոշմամբ ևս 70 մլն 196 հազար դրամ էլ հատկացվել է աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով:
Մուշեղ Մուրադյանը շինարարի և համայնքապետարանի պատասխանատուների հետ հետ զրույցում ընդգծել է, որ ամեն ինչ պետք է արվի շինարարության որակն ապահովելու համար․ «Բազմիցս նշել եմ, որ պետական բյուջից տրամադրվող ցանկացած միջոց պետք է նպատակային օգտագործվի, եթե մենք յուրաքանչյուրս անենք մեզանից անցածը բացթողումներից, աշխատանքների անհարկի ձգձգումներից զերծ մնալու համար՝ փողոցների լիարժեք գործարկումը կլինի հնարավորինս շուտ և որ ամենակարևորն է՝ առանց խնդիրների։ Վստահ եմ՝ բարեկարգ համայնք ունենալը մեր բոլորի ցանկությունն է»։
Այնուհետև մարզպետը համայնքի ղեկավարի հետ շրջել է Մարալիկի արվեստի դպրոցում, որտեղ համայնքի միջոցներով ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ։ Արվեստի դպրոցն ունի 136 սան, այստեղ գործում են գորգագործության, ասեղնագործության, նկարչության, պարի, երգի, հագուստի մոդելավորման, դեկորատիվ կարատեսակների դասարաններ։
Շրջայցից հետո մարզպետի գլխավորությամբ Անիի համայնքապետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են համայնքում ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Անի համայնքը 2024-ին ներկայացրել է 3 սուբվենցիոն ծրագիր 9 ենթածրագրով՝ շուրջ 1 մլրդ 371 մլն դրամի սահմաններում, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 648 մլն դրամ։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել են Մարալիկ քաղաքի Երիտասարդական փողոցի և Կոլտնտեսականների փողոցի 6-րդ, 7-րդ նրբանցքների կոյուղագծերի կառուցման աշխատանքները:
Դրանից զատ համայնքը սեփական միջոցներով իրականացնում է բնակավայրերի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ։ Շուրջ 2800 լուսակետերից 1600-ը արդիականացվել է, դրանից զատ կտեղադրվեն նոր լուսակետեր, այս տարի նախատեսվում է մոտ 200 լուսակետի ավելացում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20