Նորություններ
Սարալանջ բնակավայրում գործում է նորարարական տեխնոլոգիաներով աշխատող խոզաբուծարան
06.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրում նորարարական տեխնոլոգիաներով աշխատող խոզաբուծարան։
Շիրակի մարզպետը շրջել է տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, լսել առաջիկա ծրագրերի մասին․ «Ուրախալին այն է, մարզի համայնքներում այսօրինակ գաղափարներով ձեռնարկները տվել են դրական արդյունք, անասնապահությունը շահութաբեր աշխատանք է, առավել ևս եթե այն նորարական մոտեցումներով է իրականացվում, վստահ եմ՝ մարզի այլ համայնքների և անհատների համար լավ օինակ է լինելու»։
Ներդրողը մարզպետին է ներկայացրել կատարված աշխատանքը, նշել, որ աշխատանքային պրոցեսը կազմակերպվում է միջզգային նոր մեթոդների օգտագործմամբ։ Նոր մոտեցումներով ու առաջադեմ ծրագրերով է գործարարը սկսել աշխատանքները։ Խոզաբուծարանում հոտ չկա, այժմ 400 գլուխ խոզ ունեն։ Նախորդ տարի սեփական պահանջարկի սպասարկման նպատակով սպանդանոց են կառուցել։
Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Արթիկ համայնքի ղեկավարի, Սարալանջի վարչական պատասխանատուի հետ եղել է նաև բնակավայրի «խելացի» անասնաշենքում։ 57 գլխի համար նախատեսված անասնագոմը կառուցվել է պետական աջակցությամբ, պետության փոխհատուցման բաղադրիչը կազմել է 17․5 մլն դրամ։ Ներդրողի վստահեցմամբ, կենդանիների համար ստեղծված պայմանները բարենպաստ կլինեն կաթնատվության և մսատվության բարձրացման, իսկ ներդրված տեխնոլոգիաները` ֆինանսական միջոցների տնտեսման համար: Այժմ քայլեր են ձեռնարկվում անասնագլխաքանակի ձեռքբերման համար։
Շիրակի մարզպետը եղել է նաև Սարալանջի դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, լսել բարձրացված խնդիրները՝ վստահեցնելով, որ լիազորությունների շրջանակում կաշխատի քայլեր ձեռնարկել հիմնահարցերի լուծման համար, քանզի կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում կրթական հաստատությունների նորոգման, կառուցման ու պայմանների բարելավման համար։