Նորություններ
Շիրակի մարզպետը հետևել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի ընթացքին
13.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի ընթացքին։
Մուշեղ Մուրադյանը շրջել և հետևել է իրականացվող աշխատանքներին, Գյումրի համայնքի ղեկավարի հետ քննարկել ընթացքին առնչվող հարցեր, շինարարի հետ զրույցում էլ՝ կարևորել դրանց որակով և ժամանակին իրականացումը․ «Գյումրու կենտրոնական հատվածի բարեկարգման առումով այս ծրագիրն անչափ կարևոր է, ինձ համար առանձնակի կարևոր է, որ այն իրականացվի տեմպերի մեջ, իսկ թերացումները բացառվեն։ Եթե որևէ խնդիր, որևէ շեղում, նախագծային անհամապատասխանություններ կան, որոնց լուծման հարցում մարզպետի աշխատակազմը կարող է ձեզ օգնել՝ մենք պատրաստ ենք։ Գյումրու պատմական միջուկը անչափ կարևոր պատմաճարտարապետական նշանակություն ունի, այստեղ մշակութային արժեքներ են ոչ միայն կառույցներն ու շենքերը, այլև՝ փողոցները»։
Շրջայցի սկզբում պատասխանատուները դիտարկել են Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնման աշխատանքները, այնուհետև Տերյան փողոցի շինարարությունը, ընդհանուր ծրագրում արձանագրված թերացումները, նախագծային խնդիրները և դրանց լուծման ուղիները։
‼️ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագիրը հինգ բաղադրիչով է իրականացվում՝ «Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի վերականգնում», «Գյումրի քաղաքի Տերյան և Նալբանդյան փողոցների վերանորոգում», «Գյումրի քաղաքի Խանջյան և Չայկովսկի փողոցների վերանորոգում», «Գյումրի քաղաքի Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների վերականգնում» և «Գյումրի համայնքի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում»։
Շրջայցի ավարտին Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում, որտեղ քննարկվել են ինչպես դիտարկված աշխատանքները, այնպես էլ պետության և համայնքի համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։ Քաղաքաշինական ծրագրերի տեմպերը պահպանելու, շինարարությունն առնաց թերացումների իրականացնելու նպատակով՝ Շիրակի մարզպետը ոլորտային պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ։