Նորություններ
Շիրակի մարզպետի մոտ քննարկվել են «Մարզերի զարգացման հնարավորությունների էքսպո» գագաթնաժողովին Շիրակի մարզի մասնակցությանն առնչվող հարցեր
14.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում անցկացվող «Մարզերի զարգացման հնարավորությունների էքսպո» համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին Շիրակի մարզի մասնակցությանն առնչվող հարցեր։
Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների:
«Շիրակի մարզի ներուժն ու հնարավորությունները, մարզի տնտեսական առանձնահատկություններն և ներդրումային գրավչությունը ճիշտ ներկայացնելու խնդիր ունենք և այստեղ պետք է կարողանանք անել հնարավորը, որպեսզի Շիրակի մարզը ներկայացնող տաղավարները արտացոլեն Շիրակն ու հագեցած լինեն անհրաժեշտ նյութերով ու տեղեկատվությամբ, որը հնարավորություն կտա խթանել սփյուռքի հետաքրքրված անհատների, գործարար խմբերի, սոցիալական ձեռներեցների հետ կապերի հաստատմանն ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված համագործակցության ապահովմանը»,- նշել է մարզպետը։
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի երրորդ աշխատանքային օրը նախատեսվող ՀՀ մարզերի զարգացման հնարավորություններին նվիրված մեկօրյա էքսպոյի շրջանակում յուրաքանչյուր մարզ կներկայացնվի առանձին տաղավար՝ ներդրումային և տնտեսական հնարավորությունների վերաբերյալ թեմատիկ ուղղվածությամբ։
Իսկ միասնական հարթակում՝ տարբեր ձևաչափերի շրջանակներում, կքննարկվեն Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը։