Նորություններ
Շիրակի մարզպետն այցելել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչություն
14.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ այսօր այցելել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչություն։
Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել և ծանոթացել են փրկարարական վարչության աշխատանքներին, անձնակազմի աշխատանքային պայմաններին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը, զրուցել մասնագետների հետ, քննարկել հետագա անելիքները:
Ճգնաժամային կառավարման կենտրոնում մարզպետը հետաքրքրվել է ահազանգերի քանակից, դրանց արձագանքման օպերատիվությունից։ Ըստ ներկայացվածի, կենտրոնն օրական միջինը 200-300 ահազանգ է ստանում՝ տարատեսակ խնդիրներով։
Այնուհետև վարչությունում անցկացվել է աշխատանքային քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզպետի աշխատակազմի, համայնքների, շահագրգիռ կազմակերպությունների համագործակցությանը, վարչությանը պատկանող և քաղաքի տարբեր հատվածներում գտնվող շենք-շինությունների և հողատարածքների օգտագործմանն ու օտարմանն առնչվող հարցերի։
Այնուհետև պատասխանատուները շրջել են Շիրակի մարզային փրկարարական վարչությանը պատկանող և չօտագործվող մի շարք շենքերում և տարածքներում, քննարկել դրանց նպատակային օգտագործմանը, վերականգնմանն, ինչպես նաև առաջիկա անելիքներին առնչվող հարցեր։