Նորություններ
Ողջի բնակավայրում ընթացքի մեջ են խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները
16.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ այսօր այցելել է Ամասիա համայնքի Ողջի բնակավայր, որտեղ «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։
Մուշեղ Մուրադյանը շրջել է տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, հետաքրքրվել տեմպերից։
«Շատ կարևոր է, որ պետություն-անհատ ձեռներեց համագործակցության արդյունքում այսօր մարզի գյուղական բնակավայրերից մեկում նման համալիր է կառուցվում։ Կառավարության աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը ոչ միայն կնպաստի բնակավայրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացմանը, այլև հնարավորություն կտա նոր աշխատատեղերի ու նոր ձեռնարկների մասին խոսել։ Իրավասությունների սահմաններում Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է աջակցելու ձեզ, որպեսզի խեցգետնաբուծական համալիրը հնարավորինս շուտ շահագործվի»,- ձեռներեցի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
Մուշեղ Մուրադյանի հետ զրույցում խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրը կնքած անհատ ձեռներեց Կարինե Թորոսյանը նշել է, որ բուծելու են ավստրալիական կապույտ գույնի կարմրաչանչ խեցգետին, որն ընդամենն ութ ամսում հասունանում է և կարելի է օգտագործել։
Ողջի բնակավայրում 1350 քառակուսի մետր տարածք ընդգրկող, շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով իրականացվող խեցգետնաբուծական համալիրը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին։
‼️Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը փոխհատուցելու է պետությունը։
Շիրակի մարզպետն այցելել է նաև հարևանությամբ գործող խելացի անասնաֆերմա, որտեղ պահվում են Ֆրանսիայից Հայաստան ներմուծված մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջներից 4-ը։ Այս ցեղն առանձնանում է բարձր մթերատվությամբ, վարում է արոտային կենսակերպ և դիմակայուն է Հայաստանի բնակլիմայական պայմաններին։