Նորություններ
Անցկացվել է ՀՀ-ում 2024 թվականի հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը
20.08.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմում մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, մարզի համայնքների ղեկավարներ, տեղակալներ, մարզպետի աշխատակազմի, վիճակագրական կոմիտեի, աշխատակազմերի ներկայացուցիչներ։
Ներկաներին ողջունել, գյուղատնտեսական հերթական համատարած հաշվառման կարևորությանն անդրադարձել և գործընթացը անխոչընդոտ կազմակերպելու, լիարժեք իրականացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնլ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․ «Շատ պատասխանատու և լուրջ համապետական միջոցառմանն ընդառաջ ենք հանդիպել։ Բացի այն, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացվելու է վիճակագրական տվյալների շտեմարաններ ձևավորելու նպատակով, առավել կարևորն այն է, որ այդ շտեմարանները կկարողանան օգտագործել գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն և ծրագրեր մշակող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները։ Ցանկացած աշխատանքի, ցանկացած նախաձեռնության հաջողությունը տեղեկատվական ամուր հիմքեր ունենալն է, այս հաշվառումը հենց այդպիսի հնարավորություն կլինի գյուղատնտեսության բնագավառում գործունեություն ծավալող բոլոր մարմինների, անհատների ու տնտեսվարողների համար։ Վստահ եմ՝ գյուղատնտեսական համատարած հաշվառումը Շիրակի մարզում կանցկացվի հավուր պատշաճի, այդ հարցում ջանք ու եռանդ չեն խնայի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, համոզված եմ՝ նաև բոլոր համայնքներն ու բնակավայրերը»։
Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և բարձր է գնահատել ինչպես մարզում նախորդ մասշտաբային միջոցառումներում պատասխանատու օղակների կատարած աշխատանքների արդյունքները, այնպես էլ առաջիկայում կայանալիք հաշվառման անցկացմանն աջակցելու պատրաստակամությունը։
Ստեփան Մնացականյանը ներկայացրել է 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, մեթոդաբանությունը, կարևորությունը, գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, մարզային հանձնաժողովի և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակությանն առնչվող խնդիրները:
Ըստ այդմ, գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրականանցնելու են հաշվարարները, գործընթացում Շիրակի մարզում կներառվեն շուրջ 448 հաշվարարներ։ Վերջիններս տեղեկատվություն տրամադրողներից՝ գյուղաբնակ անհատական տնային տնեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքաբնակ անհատական տնային տնտեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից հավաքագրում են համընդգրկուն տվյալներ գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ։
Գյուղատնտեսության կառուցվածքին են վերագրվում գյուղատնտեսական նշանակության հողերը, մշակաբույսերի ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, հողերի ոռոգման աղբյուրները, գյուղատնտեսական կենդանիները, տեխնիկան, շինությունները, մարդկային և նյութական առկա ռեսուրսները։
Օրենքով սահմանված կարգով, համատարած հաշվառումները կրում են պարտադիր բնույթ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Վերջիններս պարտավոր են սպառիչ պատասխաններ տալ հարցաթերթի բոլոր հարցերին։