Նորություններ
Ընթացքի մեջ է Ազատանի դպրոցի շինարարությունը
21.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ազատան բնակավայր, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շինարարական աշխատանքները։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող Ասիական զարգացման բանկի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է։ 384 աշակերտական տեղով դպրոցի շինաշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։
Մարզպետը պատասխանատուների հետ շրջել է շինհրապարակում, դիտարկել կատարված աշխատանքները, զրուցել շինարարի հետ, հետաքրքրվել աշխատանքների ընթացքից․ «Անչափ ոգևորիչ է, որ այս լուրջ ներդրումային ծրագրի ավարտից հետո բնակավայրը կունենա 9 բալ ուժգնությամբ միջազգային նորմերին համապատասխան դպրոցական շենք։ Շինաշխատանքներում թերացումները պետք է բացառվեն։ Մեր մոտեցումը հստակ է՝ բացառել անգամ ամենափոքր սխալը, լինելու դեպքում՝ վերացնել ամենասեղմ ժամկետում»։
Շրջայցի ժամանակ մարզպետը հետաքրքրվել է նաև դպրոցի տարածքի բարեկարգմանն առնչվող հարցերով, որի մասով նշվել է, որ Ախուրյան համայնքի ավագանու որոշմամբ այդ նպատակով դպրոցին հավելյալ տարածք է հատկացվել։ Մարզպետի կողմից եղել են մի շարք առաջարկություններ։
Կապալառուն մարզպետին տեղեկացրել է, որ արվում է ամեն ինչ աշխատանքներն անթերի իրականացնելու համար։
☑Նշենք, որ 2024 թվականի պետական բյուջեով դպրոցի շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսվել է 560 մլն դրամ։