Նորություններ
2024-2025 ուստարվա մեկնարկին ընդառաջ անցկացվել է Շիրակի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը
21.08.2024
2024-2025 ուստարվա մեկնարկին ընդառաջ այսօր անցկացվել է Շիրակի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տենղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, մարզպետի աշխատակազմի և հանրակրթության ոլորտի պատասխանատուներ։
Մինչ խորհրդակցույթան մեկնարկը, ներկաները մասնակցել են կրթական էքսպոյին, որն անցկացվում է առաջին անգամ ՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ։
Էքսպոյի շրջանակներում պատասխանատուները ծանոթացել են Շիրակի մարզի 15 դպրոցների նախագծային աշխատանքներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել անելիքներով ու նախաձեռնություններով:
Էքսպոյից հետո անցկացվող խորհրդակցության մեկնարկին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունել և ձեռքբերումներով լի ուսումնական տարի է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․ «Հերթական անգամ հանդիպում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, մի քանի օրից դպրոցներում կմեկնարկի դասապրոցեսը և այստեղ հավաքված բոլոր պատասխանատուների համար մեծ ծավալի ջանքեր է պահանջվում, որպեսզի արվի հնարավորը՝ կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներն ամուր հիմքերով հանգրվանի հասցնելու, կրթության որակը պահպանելու և բարձրացնելու, կրթական հաստատությունների աշխատանքում թերացումները բացառելու համար։ Կրթությունը մեկ ամբողջական միջավայր է, որտեղ պետք է համատեղ աշխատանք, միասնականություն և նվիրում։ Շնորհավորում եմ գալիք ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթում արգասաբեր աշխատանք ու հաջողություններ»։
Կրթության որակի մասին խոսելիս Աննա Մարտիկյանը մարզպետի անունից շնորհակալություն է հայտնել կրթության ոլորտի պատասխանատուներին, քանզի մարզը նախորդ ուսումնական տարվա ընթացքում ունեցել է բարձր արդյունքներ, թե օլիմպիադաներում, թե բուհական ընդունելության քննություններում՝ ըստ որի բարձրագույն ուսումնական հաստատություններ մարզից դիմում-հայտ է լրացրել 1341 դիմորդ, դիմորդների 77,4 տոկոսը ընդունվել է, ընդունվածների շուրջ 26 տոկոսն ուսանելու է անվճար համակարգում։ Նախորդ ուստարում դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերին մասնակցել է 151 աշակերտ, նրանցից 8-ը առաջին, 3-ը երկրորդ, 16 աշակերտ երրորդ տեղն է զբաղեցրել, գովասանագրի է արժանացել 23 աշակերտ։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է Շիրակի մարզի կրթական տարվա արդյունքներին։ Նախարարի տեղակալը կարևորել է ուսուցիչների արձանագրած հաջողությունները, անդրադարձել ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, նոր չափորոշիչներով աշխատանքների կազմակերպմանն ու դասագրքերում կատարված փոփոխություններին։ Ըստ Արաքսիա Սվաջյանի, հոկտեմբերին՝ ուսուցչի օրվան ընդառաջ, կազմակերպվելու է Տարվա լավագույնների մրցույթը, որտեղ ընտրությունը կատարվելու է բոլոր ամիսներին լավագույնը ճանաչված մասնակիցների շրջանում:
Նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում կրթության բնագավառում լավագույնը ճանաչված աշխատակիցներին։
Հանդիպման ավարտին ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնց տրվել են պատասխաններ: