Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են Այգաբացի 2-րդ և 8-րդ փողոցները
26.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել է Այգաբաց բնակավայրում։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրով՝ պետության հետ համագործակցությամբ, հիմնանորոգվել են Այգաբացի 380-ական գծամետր երկարությամբ 2-րդ և 8-րդ փողոցները:
«Շատ կարևոր է, որ պետություն-համայնք համագործակցության արդյունքում տասնամյակներ շարունակ ասֆալտապատում չտեսած Այգաբացի այս հատվածում հիմնանորոգում է իրականացվել։ Շատ ուրախ եմ, որ դպրոցի բակն էլ է ասֆալտապատվում, որն այնքան կարևոր է։ Ուրախալի է, որ Ախուրյանում այժմ շատ լուրջ աշխատանքներ են իրականացվում, օր օրի դրական տեղաշարժ է նկատվում։
Նաև կարևոր է, որ ցանկացած ծրագրի մեկնարկից առաջ անհրաժեշտությունն ու առաջնայնությունը քննարկվում է բնակիչների հետ, ինչն, ըստ իս, անհրաժեշտ է, չէ որ բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են՝ ամենից առաջ հենց մեր բնակիչների հոգսերի թեթևացմանն են միտված»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նշենք, որ համայնքապետարանի նախաձեռնությամբ զուգահեռ հիմնանորոգվել է նաև դպրոցի մուտքը և հարող՝ 215 քմ մակերեսով տարածքը, տեղադրվել են բետոնյա եզրաքարեր, ջրատար տաշտակներ, միակողմանի մայթեր: Շինաշխատանքների ավարտը տրվել է այսօր։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը շուրջ 92 միլիոն 484 հազար դրամ է, համայնքը տրամադրելու է գումարի 55, Կառավարությունը՝ 45 տոկոսը:
Մարզպետը պատասխանատուների հետ շրջել է նաև Այգաբացի դպրոցում, ծանոթացել պայմաններին, հանդիպել բնակիչների հետ լսել բարձրացված հարցերն ու քննարկել առաջիկա անելիքները։