Նորություններ
Շիրակի մարզպետը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը դիտարկել են Հովհաննես Գաբոյանին պատկանող ֆերմերային տնտեսության գործունեությունը
28.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով մարզում գտվող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի, նախարարության և մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ եղել է Ախուրյանի Կառնուտ բնակավայրում, որտեղ դիտարկվել է Հովհաննես Գաբոյանին պատկանող ֆերմերային տնտեսության գործունեությունը։
Ֆերմերն անցած տարիներին օգտվել է պետական աջակցության մի շարք ծրագրերից, մասնավորապես «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել 28 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից՝ 8 գլուխ անգուս, 20 գլուխ սիմենտալ, «ՀՀ-ում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի շրջանակներում էլ՝ 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխարներ։
Ֆերմերը նշել է, որ պետական օժանդակության շնորհիվ հնարավոր է եղել ակտիվացնել տնտեսության գործունեությունը, կենդանիներից բացի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել կերաղաց-կերաբաշխիչ սարքավորում, իսկ «Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում էլ՝ «Բելառուս МТЗ 15-23» տեսակի տրակտոր։
Պատասխանատուները եղել են նաև տնտեսության ցորենի պահեստներում, ծանոթացել զտման և ախտահանման պրոցեսներին, քննարկել ցորենի իրացմանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին առնչվող հարցեր։