Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն Մարիամ Սարգսյանին
28.08.2024
րակի մարզպետն այսօր հյուրընկալել է բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն Մարիամ Սարգսյանին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Սարգսյանը դարձել է արծաթե մեդալակիր։
Շիրակցի փոխչեմպիոնին այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
«Հավատով հետևել եմ մրցումներին և շատ ուրախ եմ, որ միջազգային այս մրցաշարից ևս մեդալով վերադարձար։ Այն, որ այսքան մեծ ջանք ես ներդրել և ամենայն պատասխանատվությամբ ես պատրաստվել այս պայքարին՝ արդեն իսկ գնահատելի է։ Հպարտանում ենք քեզանով և առանձնակի գնահատանքի է արժանի, որ կարողանում ես համատեղել ուսումն ու սպորտը, այն էլ այդքան կարևոր մասնագիտություն՝ բժշկի պատվավոր գործն ես ընտրել։ Սիրով միշտ պատրաստ եմ հանդիպելու և հյուրընկալելու, հնարավորությունների սահմաններում աջակցելու»,- ողջույնի խոսքում նշել է մարզպետը՝ շնորհավորելով մարզական այս ձեռքբերումն ու նոր հաղթական մրցելույթներ մաղթել մարզուհուն։
Բժշկական համալսարանի ուսանող Մարիամը համատեղում է բժշկությունն ու սպորտը։ Մարզպետի հետ զրույցում նշել է, որ մեկը մյուսին չի խանգարում, անում է ամեն ինչ որևէ տեղ չթերանալու և նոր ձեռքբերումներ ունենալու համար, պատմել է մրցումների, հուզմունքի, լարված պայքարի և հաղթանակի ոգևորության մասին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության, գնահատանքի և ոգևորելու համար։
Մոլդովայում կայացած աշխարհի առաջնությանը բարձր առաջադիմություն ցուցաբերելու, նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար՝ Շիրակի մարզպետը պատվոգիր և հուշանվեր է հանձնել Մարիամ Սարգսյանին։