Նորություններ
Աշխատանքային շաբաթը Շիրակի մարզպետի աշխատակազմում ավարտվել է մարզպետի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությամբ
30.08.2024
Աշխատանքային շաբաթը Շիրակի մարզպետի աշխատակազմում ավարտվել է մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ ոլորտային պատասխանատուների հետ անցկացված աշխատանքային խորհրդակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին։ 2 մլրդ 762 մլն դրամ՝ այսքան է կազմել 2024 թվականին ֆինանսավորված սուբվենցիոն 19 ծրագրերի գումարը, ենթածրագրերի թիվը 28-ն է։ Գումարի 1 մլրդ 542 մլն դրամը ՀՀ կառավարությունն է հատկացրել։ 2024 թվականին ներկայացվել է 43 (164 ենթածրագիր) սուբվենցիոն ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 67 մլն դրամ։
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանն է արժանացել 9 ծրագիր՝ 1 մլրդ 780 մլն դրամ արժողությամբ, որից ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 867 մլն 288 հազար դրամ։
Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է 2024 թվականի ընթացքում մարզի համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացման նպատակով ձեռնարկված քայլերը։
«Ինձ համար աշխատանքի գնահատման չափանիշներից մեկը սեփական եկամուտների հավաքագրումն ու այդ հարցում ցուցաբերած հոգացավ մոտեցումն է։ Եկամուտների հավաքագրում նշանակում է իրականացվող ծրագրեր, նշանակում է ծաղկող համայնքներ, ուրեմն մեզ մնում է այս աշխատանքներում աջակցել համայնքների ղեկավարներին, վարչական պատասխանատուներին»,- նշել է Շիրակի մարզպետը։
Մարզպետին է զեկուցվել մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով ձեռնարկված միջոցառումների ընթացքի վերաբերյալ, ըստ որի համայնքներից վարակված տարածքների վերաբերյալ ստացված տեղեկատվությունն ուղարկվել է Էկոնոմիկայի նախարարություն՝ անհրաժեշտ թունանյութի նոր խմբաքանակի տրամադրման նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրակրթական հաստատությունների պատրաստվածությանն ու անելիքներին, ինչպես նաև արձանագրված սուր վարակիչ հիվանդությունների հետ կապված՝ մարզում համաճարակային վիճակին։ Մարզպետին է զեկուցվել, որ ուսումնական տարվա մեկնարկի կազմակերպչական հարցերում որևէ խնդիր չկա, իսկ համաճարակային վիճակը վերահսկելի է։