Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2024

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողնե՛ր,
Հարգարժան մանկավարժներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

Գիտելիքի և ուսման նկատմամբ տածած սերը, հայ ընտանիքներում զավակների կրթության ու դաստիարակության հարցը եղել և մնում է ծնողների ուշադրության կենտրոնում, քանի որ կրթությունն այն միջոցն է, որով մարդը բացահայտում է իր ճանապարհին հայտնված խնդիրները և գտնում դրանց լուծման ուղիները։

Մեր երեխաներին կայուն և հիմնարար գիտելիք հաղորդելու, կրթության որակը բարձրացնելու, կրթական պայմանները բարելավելու համար ՀՀ կառավարությունը ոչինչ չի խնայում։

Հենց այս նպատակով է, որ կրթական բարեփոխումներից զատ, մեր մարզում ու Հանրապետության ողջ տարածքում կառուցվում ու նորոգվում են կրթօջախներ, դպրոցներ ու նախադպրոցական հաստատություններ, հիմնվում մշակութային կենտրոններ։

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում միայն Շիրակի մարզում 55 կրթական հաստատություններ` 30 դպրոցներ և 25 մանկապարտեզներ կկառուցվեն ու կհիմնանորոգվեն։

Յուրաքանչյուր տարի այս օրը ևս մեկ առիթ է խորհելու և գիտակցելու, որ ժամանակակից աշխարհում կարող ենք առաջավոր ու զարգացած պետություն դառնալ միայն գիտելիքի ուժի ու ընձեռած հնարավորությունների շնորհիվ։

Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր առաջին անգամ են նստելու դպրոցական կամ ուսանողական նստարանին՝ կրելով աշակերտ կամ ուսանող կոչումը։
Համոզված եմ՝ ուսումնական տարվա մեկնարկից սկսած մեր մանկավարժները ջանք չեն խնայի, որպեսզի մեր զավակների ուսումնառության տարիները դառնան գիտելիքի կուտակման, նոր բացահայտումների ու ձեռքբերումների ժամանակաշրջան՝ դաստիարակելով հայրենասեր, իրավագիտակից, արժանապատիվ սերունդ։

Սիրելինե՛րս մեկ անգամ ևս շնորհավորելով այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ դեպի գիտելիքի անծայրածիր աշխարհ տանող ձեր ճանապարհն անցնի անխոչընդոտ ու հարթ։

Շնորհավոր սեպտեմբերի 1։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:24:32