Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում ներկա է գտնվել Կապսի նորակառույց դպրոցի բացման արարողությանը
02.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այսօր Շիրակի մարզում ներկա են գտնվել Կապսի նորակառույց դպրոցի բացման արարողությանը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի ուղեկցությամբ Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին, արված աշխատանքին։
Ողջույնի խոսքում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ․«Նորակառույց այս կրթօջախը մեր երկրի հուսալի ապագայի երաշխիքներից է, մեր բոլորի հույսերի ու ձգտումների իրականացման առաջնաքայլերից։
Պարոն Վարչապետ, շիրակցիների անունից ուզում եմ երախտիքի խոսքեր հղել Ձեզ՝ մարզի հոգսերի լուծման, կրթության բնագավառի նկատմամբ առանձնահատուկ հոգատարության համար։ «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրն ամենևին էլ կրթական չէ, այն մեր պետականության հավիտենությունն ապահովելու ծրագիր է»,- Ձեր այս խոսքն իրապես ամեն ինչ ասում է այն հսկայածավալ ծրագրի մասին, որն իրականացվում է ողջ Հանրապետությունում։
Զարգացած ու առաջադեմ հասարակություն, ամուր պետություն կառուցելու գլխավոր պայմաններից մեկը կրթության որակի, կրթական համակարգի դերակատարության բարձրացումն է։ Մեր կառավարությունը հենց այս տեսլականով է առաջ շարժվում։
Կապսի դպրոցը մեկն է այն բազմաթիվ կրթական հաստատություններից, որոնք նորոգվելու, հիմնանորոգվելու, կառուցվելու են Շիրակի մարզում։
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 55 կրթական հաստատություններ Շիրակում նոր շունչ կստանան, խոսքը 30 դպրոցի և 25 մանկապարտեզի մասին է, դրանց մի մասն արդեն կառուցվել ու նորոգվել է, մի մասի շինաշխատանքներն ընթացքի մեջ են, որոշ հաստատությունների նորոգումն էլ կմեկնարկի առաջիկայում։ Հիմնովին կառուցվելու է 13 կրթահամալիր և դպրոց։
Ջերմորեն շնորհավորում եմ մեր աշակերտներին, ուսուցիչներին, բոլոր կապսեցիներին։
Դպրոցը համայնքի զարկերակն է։ Վստահ եմ՝ նորակառույց ուսումնական հաստատությունը ստեղծագործական նոր լիցքեր կհաղորդի մեր մանկավարժներին ու աշակերտներին, կդառնա այն լավագույնի աղբյուրը, որ իմացության ու գիտելիքի լույս է կոչվում։
Կրթությունը չի նախապատրաստում կյանքին․ կրթությունն ինքնին կյանքն է։ Եվ թող կյանքն այստեղ միշտ նոր ձեռքբերումներ ու հաջողություններ բերի։
Բոլորիդ մաղթում եմ երջանկություն և ամենայն բարիք»:
Նշենք, որ «Կապսի միջնակարգ դպրոցը» կառուցվել է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում։ Դպրոցն ունի բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է ապաստարանով: