Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դիտարկվել են Անի համայնքում իրականացվող շինաշխատանքները

04.09.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով այսօր եղել է նաև Անի համայնքում:
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքապետարանի աշխատակիցների հետ մարզպետը շրջել է Մարալիկում, հետևել իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին։
Դիտարկվել են Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքները։
Փողոցները նորոգվում են մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում։ ՀՀ կառավարությունը դեռ մայիսին նորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 209 մլն 597 հազար դրամ, Կառավարության հունիսի 27-ի որոշմամբ ևս 70 մլն 196 հազար դրամ էլ հատկացվել է աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով:
Պատասխանատուներն այնուհետև հետևել են Մարալիկ քաղաքի Մշակութային երիտասարդական կենտրոնի վերանորոգման աշխատանքներին, 1970-ականների մշակույթի տունը 555 տեղ ունի, համայնքապետի վստահեցմամբ վերանորոգումից հետո լրիվ նոր շնչով է գործունեություն ծավալելու։
Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը հետևել է նաև սուբվենցիոն մի շարք ծրագրերի ընթացքին։ 2024 թվականին հաստատված սուբվենցիոն 3 ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ 371 մլն դրամ է կազմում։
Միայն «Անի համայնքի Մարալիկ բնակավայրի Հր․ Շահինյան փողոցի հիմնանորոգում, Սառնաղբյուր, Սարակապ և Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում» ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ 127 մլն դրամ է։
174 մլն դրամ կազմել է «Անի համայնքի Մարալիկ բնակավայրի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիրը։ Շինաշխատանքներին հետևել է Շիրակի մարզպետը՝ կարևորելով դրանց որակով և ժամկետներում իրականացնելը։
«Անի համայնքի Մարալիկ բնակավայրի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն էլ 69,9 մլն դրամ է, աշխատանքները նոր են մեկնարկել։
Բոլոր շինարարների հետ զրույցում Մուշեղ Մուրադյանը հորդորել է լինել սրտացավ, հետևողական և վստահեցրել, որ մեկնարկից մինչև ավարտական փուլը շինարարական պրոցեսը լինելու է մարզպետի աշխատակազմի վերակսկողության տակ։
Աշխատանքային այցն ավարտվել է համայնքապետարանում Շիրակի մարզպետի գլխավորությամբ անցկացված արտագնա խորհրդակցությամբ։
«Համայնքային այցերը պարբերական բնույթ են կրելու, ինձ համար առաջնայինը տեղում իրավիճակին ծանոթանալն է, օրեր առաջ եմ եղել Անիում, էլի եմ այցելելու, քանզի վստահ եմ մեր հանդիպումներն ու քննարկումները, շրջայցերը տալու են ցանկալի արդյունք, կարողանալու ենք ժամանակին արձանագրել առաջացած ցանկացած խնդիր, բարձրացված ցանկացած հարց։ Ինձ համար կարևոր է նաև զրուցել ու լսել բնակիչների տեսակետներն ու մտահոգությունները, վերահսկել պետական բոլոր ծրագրերը։ Մեր բնակիչները պետք է զգան, որ կա հոգացավ վերաբերմունք և մոտեցում բոլոր աշխատանքներում»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, որոնք առնչվել են նախորդ տարիներից 2024 տեղափոխված սուբվենցիաների ընթացքին, 2024-ի անելիքներին և առաջիկա ծրագրերի իրականացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:24:32