Նորություններ
Շիրակի մարզպետն աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում
04.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում։
Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի մասնագետների հետ մարզպետը շրջել է մի շարք օբյեկտներում` դիտարկելու շինաշխատանքներն ու նախապես տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Պատասխանատուները դիտարկել են համայնքի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների ընթացքը, որոնք ավարտական փուլում են։
ՀՀ Կառավարության տրամադրած միջոցներով 2023 թվականին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «Այ Քոնստրակշն» ՍՊԸ-ի կողմից։
Մարզպետը շինարարի հետ զրույցում կարևորել է աշխատանքների լիարժեքությունը․ «Երկու մանկապարտեզների հիմնանորոգումը ձեր կազմակերպությունն է իրականացնում և խոսքը բավական լուրջ միջոցների մասին է, պետական միջոցները պետք է նպատակային ծախսվեն, աշխատանքների մեծ մասն ավարտել եք, սակայն տեսնում եմ մանր շտկումների անհրաժեշտություն, դրանք ևս պետք է վերացվեն ամենասեղմ ժամկետներում»։
«Արթիկի թիվ 3 մանկապարտեզի» վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն 144 հազար դրամ է։ Այն նախատեսված է 120 երեխայի համար։ «Արթիկի թիվ 4 մանկապարտեզն» էլ նախատեսված է 140 երեխայի համար, ծրագրի արժեքը 243 մլն 768 հազար դրամ է։
Պատասխանատուները եղել են նաև Արթիկի թիվ 1 մանկապարտեզում։ «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվող մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար, ունենալու է 6 խումբ։ ՀՀ կառավարությունը տրամադրելու է գումարի 75 տոկոսը: Աշխատանքներն արդեն ավարտվել են, մնում են վերջին շտկումները։
Շրջայցից հետո մարզպետի գլխավորությամբ համայնքապետարանում անցկացվել է աշխատանքային քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, սուբվենցիոն ծրագրերին, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելուն, ինչպես նաև առաջիկա անելիքներին։
«Ինձ համար կարևոր են այսօրինակ հանդիպումներն ու շրջայցերը։ Արտագնա հանդիպումները անմիջական շփման, տեղում արված աշխատանքներին հետևելու, խնդիրներին ծանոթանալու նպատակ ունեն։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում աջակցելու, քննարկելու և լսելու ձեր բարձրացրած հարցերը, գնալու դրանց լուծման հետևից»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։