Նորություններ
Սեմինար-քննարկում Անիի համայնքապետարանում
05.09.2024
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր Անիի համայնքապետարանում ներկա է գտնվել «Շիրակի մարզում կլիմայի փոփոխության նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացում՝ Արթիկ համայնքում իրականացված պիլոտային ծրագրի լավագույն փորձի կիրառմամբ» ծրագրի գերակայությունների վերաբերյալ սեմինար-քննարկմանը, որին մասնակցել են Անի համյնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքապետարանի պատասխանատուները։
Սեմինար-խորհրդակցության նպատակն է եղել Շիրակի մարզի շահառու համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ ծրագրի միջամտության շրջանակի քննարկումը:
Կլիմայական ֆինանսավորում և հաստատություններ կազմակերպության ավագ խորհրդատու Տիգրան Սուքիասյանը ներկայացրել է ծրագրի միջամտության շրջանակը՝ բաղադրիչներն ու առաջարկվող միջոցառումները։
Քննարկման մասնակիցներին մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը փոխանցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույններն ու նշել, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության, կարևորում է ցանկացած ներդրում և ծրագրի իրականացում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2023 թվականի սեպտեմբերին Հարմարվողականության հիմնադրամի հաստատմանն է ներկայացրել առաջարկվող ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը, որի հաստատվելուց հետո մեկնարկել են ամբողջական հայտի մշակման աշխատանքները: Ծրագրի մշակումը ստանձնել են Քոնսեկոարդ և Ալֆա Փարթներս ընկերությունները, որոնք հանդիսանում են Հայաստանում բնապահպանական և կլիմայական ֆինանսավորման ոլորտի առաջատար խորհրդատվական ընկերություններ:
Առաջարկվող ծրագրի հիմնական նպատակներն են՝ բարձրացնել Անի, Աշոցք և Մարալիկ համայնքների բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կանխել ջրհեղեղները և վերացնել դրանց հետևանքները, վերականգնել կլիմայի փոփոխության և մարդածին ազդեցությունների հետևանքով տուժած բնական լանդշաֆտները՝ միաժամանակ ցուցադրելով դեգրադացված բնական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակի բարձրացման հնարավորությունները, բարելավել կլիմայի փոփոխության ներկայիս պայմաններում համայնքի տնային տնտեսությունների և կազմակերպությունների համապատասխան շահառուների հարմարվողականության ներուժը, վերարտադրել և մասշտաբավորել փորձնական «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի ընթացքում ձեռք բերված լավագույն փորձը: