Նորություններ
Քննարկվել է Եղնաջուրի բնակիչների տների սեփականաշնորհման հարցը
05.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանն Ամասիայի համայնքապետարանում արտագնա աշխատանքային հանդիպում են ունեցել Եղնաջուր բնակավայրի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Ամասիա համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանը, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուները։
«Ինչպես Շիրակի մարզպետն օրերս ձեզ հետ կայացած հանդիպման ժամանակ խոստացավ, այսօր մենք հանդիպում ենք կազմակերպել մարզպետի հանձնարարությամբ, որպեսզի կարողանանք լսել տների սեփականաշնորհման հետ կապված ունեցած խնդիրներին առնչվող մանրամասներ և կարողանանք մասնագիտական խորհրդատվություն և ուղղություն ցույց տալ ձեզ հետագա քայլերի վերաբերյալ»,- նշել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։
Հանդիպման ժամանակ բնակիչները նշել են, որ տների սեփականաշնորհման խնդիրն առաջացել է այն պատճառով, որ 2000-ականների սկզբին «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից նվիրաբերված տները գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա են կառուցվել։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն ուսումնասիրել են առկա փաստաթղթային հիմքերն ու փաթեթները, խնդրի լուծման համար մինչ օրս ձեռնարկված քայլերն ու հիմքերը, քննարկվել են առաջիկա անելիքներն ու խնդրի լուծման հնարավոր տարբերակներ են առաջարկվել, ներկայացվել է գործընթացի իրականացման համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը։