Նորություններ
Այսօր բացվել է Ջրառատի նորակառույց մանկապարտեզը
06.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է գտնվել Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։
Տոնական օրվա առթիվ ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը բարի երթ է մաղթել փոքրիկներին․ «Շուրջ մեկ շաբաթ է անցել, ինչ Ախուրյանի մեկ այլ` Բայանդուր բնակավայրում, հանդիսավորությամբ բացվեց նորակառույց մանկապարտեզը, այսօր տոնական շունչը տեղափոխվել է Ջրառատ։
Առիթ ունեցել եմ ասելու, որ դպրոցի, մանկապարտեզի բացումը մեզ համար իսկական տոն է, քանի որ կրթական հաստատությունների կառուցումը ապագային միտված մեր ամենակարևոր քայլերից է։ Մեր կառավարությունը լայնամասշտաբ ծրագիր է սկսել։ Խոսքս «300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին» է վերաբերում։
Ամեն ինչ սկսվում է նախադպրոցական կրթությունով։ Ջրառատի մանկապարտեզը պետություն֊համայնք համագործակցությամբ է կառուցվել, երկու փուլով իրականացված սուբվենցիոն այս ծրագրի արդյունքում 50 երեխա լիարժեք պայմաններում կստանա նախադպրոցական կրթություն։ Ասում են, երբ համայնքը, բնակավայրը ունի զարգացած ենթակառուցվածքներ և կրթական հաստատություններ` նրա զարգացման ուղին առավել հարթ կընթանա, հավատացած եմ Ջրառատում հենց այդպես էլ լինելու է։ Ուրախ եմ, որ Ախուրյան համայնքը օր օրի նոր նախաձեռնություններով է հանդես գալիս, ջանք ու եռանդ չի խնայում սեփական բնակավայրերի առջև ծառացած խնդիրներն օր առաջ լուծելու համար։ Մեր բնակիչները պետք է վստահ լինեն, որ Կառավարությունը, Շիրակի մարզպետի աշխատակազմը, համայնքապետարանը իրենց կողքին են»։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։
Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Գումարի առաջին և երկրորդ փուլերի գումարի 60 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։
Սուբվենցիոն ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։ Տիպային մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար:
Միջոցառման ավարտին մարզպետը հանդիպել և զրուցել է Ջրառատի բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու մտահոգությունները, անդրադարձել պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին և դրանցից օգտվելու հնարավորություններին՝ վստահեցնելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմանում պատրաստ է աջակցել նրանց։