Նորություններ
Դիտարկվել է Արեգնադեմ բնակավայրում կառուցվող դպրոցի մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքը
10.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը և Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել են Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայրում կառուցվող դպրոցի մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 հազար դրամ։
Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով։
Աշխատակազմի պատասխանատուներն Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ եղել են Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում, որտեղ ընթացքի մեջ են պատմաճարտարապետական ու հոգևոր ամենաարժեքավոր կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանության աշխատանքները։
«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոնի» պատվիրատվությամբ՝ ԱՄՆ դեսպանության «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող տաճարի հիմքերի ամրակայման աշխատանքները մեկնարկել են գարնանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 495 մլն դրամ գումար։ Առաջին փուլի աշխատանքներն իրականացնելու համար հիմնադրամը 55 մլն դրամի կոնսերվացման դրամաշնորհ է հատկացրել պատերի ամրացումների, քայքայված քարերի փոխարինման, ջրահեռացման համակարգի ապահովման, հուշարձանի տարածքի բարելավման և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորման համար։
Նշենք, որ օրերս Կառավարությունը հավանության է արժանացրել «Երերույք» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ ստեղծելու որոշման նախագծին։
«Երերույք» պատմամշակութային արգելոցի տարածք սահմանվել է շուրջ 4․4 հեկտարը։ Արգելոցի ստեղծմամբ հնարավորություն կընձեռնվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, բացի այդ արգելոցի ստեղծման արդյունքում ստեղծվելու են ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, աշխատելու է մշտական պահակ, անցկացվելու է լուսավորություն։ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այցելել են նաև «Բագրավանի միջնակարգ դպրոց», տնօրենի ուղեկցուցյամբ շրջել են դպրոցի տարածքում, ծանոթացել պայմաններին։