Նորություններ
Շիրակի մարզպետը ընդունել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրենին
10.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ընդունել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Նորիկ Մկրտչյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են կայանի գործունեությանն առնչվող հարցեր։
Մուշեղ Մուրադյանը կարևորել է կայանի դերը, ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում․ «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է։ Այստեղ կարևոր դերակատարներից մեկը հանրապետության ամենամեծ սերմնաբուծական գիտական կենտրոնն է՝ Գյումրու սելեկցիոն կայանը, որի զարգացումը և որակյալ արտադրանք ունենալը կարևոր նշանակություն ունի բոլորիս համար։ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքի արդյունքում կայանը կկարողանա վերականգնել իր վաղեմի անունն ու համբավը և ծառայել իր նպատակին։ Շիրակի մարզպետի աշխատակազմը և համայնքապետարանները լիազորությունների սահմաններում պատրաստ են աջակցելու ձեզ»։
Նշենք, որ սելեկցիոն կայանի գիտաշխատողները ստեղծում են Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ու բարձր բերքատվություն ապահովող սերմատեսակներ:
Գիտափորձերից հետո ցորենի, գարու, հատիկընդեղենի և այլ սերմատեսակները հավաստագրվում են գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնում:
Կայանը ցանքով զբաղվողներին առաջարկում է սեփական արտադրության հավաստագրված տարբեր սերմեր։