Նորություններ
Քննարկվել են հոկտեմբերի 13-ին կայանալիք «Ախուրյան շուրջպար» տոնակատարության կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր
11.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարյանին և «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին։
Հնադիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 13-ին Մարմաշենի վանական համալիրի տարածքում կայանալիք «Ախուրյան շուրջպար» տոնակատարության կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։
Մարզպետը ողջունել է հյուրերին, խոսել շուրջպարի կարևորության մասին. «Հայկական պարը և հայ պարարվեստի առանձնահատկությունները պահպանելու, սերունդներին փոխանցելու գործում ձեր վաստակը մեծ է։ Անչափ ուրախ եմ, որ նման միջոցառում է անցկացվելու մեր մարզում։ Մշակույթով շնչող Շիրակը ևս մեկ տոնական օր կունենա, ինչն էլ մասնակիցներին կպարգևի անմոռանալի տպավորություններ և ուրախ ժամանց։ Շիրակի մարզպետի աշխատակազմը, լիազորությունների շրջանակներում կանի հնարավոր ամեն ինչ՝ օրը լիարժեք տոն դարձնելու համար»։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ կարևոր է, երբ պետական պաշտոնյան մշակույթի պահպանման ու հանրահռչակման համար ջանք ու եռանդ չի խնայում։
Շուրջպարն ունենալու է 13-ից 40 տարեկան շուրջ 1500 մասնակից, պարելու են նոր մշակված «Ախուրյան» ավանդական պարը։ Տոնակատարությանը ելույթ է ունենալու «Ակունք» ազգագրական երգի-պարի պետական համույթը։