Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի Շիրակի մարզի հավաքական թիմի ներկայացուցիչներին
18.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի Շիրակի մարզի հավաքական թիմի ներկայացուցիչներին՝ մարզիչ Հովհաննես Մելքոնյանի գլխավորությամբ։
Կարևորելով առողջ ապրելակերպը և դրա գաղափարների տարածումը, լողի մասսայականացումն ու ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ առանձնակի ոգևորությամբ է հետևել Շիրակի մարզի թիմի ելույթներին և գրանցած արդյունքների համար շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ ու առավել մեծ հաղթանակներ։
Ներկաները շնորհակալություն են հայտնել Մուշեղ Մուրադյանին ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ խոստանալով ջանք չխնայել հաջորդ տարի ավելի լավ արդյունքներ գրանցելու համար։
Այնուհետև մարզպետի և մարզիկների միջև ծավալվել է անմիջական զրույց, մտքեր են փոխանակվել ոլորտում առկա հարցերի, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին։
Հանդիպման ավարտին Մուշեղ Մուրադյանը պատվոգրեր է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի Շիրակի մարզի հավաքական թիմի մարզիչ Հովհաննես Մելքոնյանին՝ մրցաշարում մարզի հավաքական թիմը լավագույնս նախապատրաստելու և բարձր մարզական արդյունքներ գրանցելու համար, Կարեն Երանոսյանին և Արմեն Հանեսօղլյանին՝ 18-40 և 41-ից բարձր տարիքի տղամարդկանց խմբում 2-րդ տեղ զբաղեցնելու, Ռաֆայել Թադևոսյանին և Նարինե Սարգսյանին՝ 6-րդ տեղ զբաղեցնելու, լավագույն մասնակցության, ցուցաբերած առաջադիմության ու ներդրած ջանքերի համար։