Նորություններ
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ մարզում գործող հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների մասնակցությամբ
18.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է տեղի ունեցել մարզում գործող հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ինչպես առողջության պահպանման առաջնային օղակի աշխատանքներին, դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հիվանդանոցներում հոսպիտալացումներին, բուժման ընթացքին, բժիշկ-մասնագետների վերաբերմունքին, հիվանդներին արագ օգնություն տրամադրելուն, բուժաշխատողների հոգատարությանը։
«Առողջապահությունն այն բնագավառն է, որ հետևողական աշխատանքի ու աչալուրջ վերաբերմունքի կարիք ունի, ձեր աշխատանքը բարդ է, բայց պետք է գիտակցեք դրա պատասխանատվության չափը, դուք գործ ունեք մարդկային կյանքերի և առողջության հետ։ Իսկ կյանքի և առողջության համար պայքարում ոչ մի ջանք չպետք է խնայել, չպետք է մատների արանքով որևէ խնդրի նայել»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել բուժհաստատությունների կողմից մատուցվող վճարովի ծառայություններին, ըստ այդմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական բժշկական կազմակերպությունների կողմից 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները կազմել են 832 մլն 936 հազար դրամ, ինչը 105 մլն 949 հազար դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Քննարկվել են նաև առաջիկա ծրագրերին և բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացմանն առնչվող հարցեր։