Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացված մարզերի զարգացման հնարավորությունների էքսպոյին

20.09.2024

 Շիրակի մարզը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացված մարզերի զարգացման հնարավորությունների էքսպոյին
Սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում անցկացվելու է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերն են քննարկվել միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում:
Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը հյուրընկալել է սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների: «Հայաստան-սփյուռք առողջ համագործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է եղել:
Գագաթնաժողվի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին անցկացվել է մարզերի զարգացման հնարավորությունների էքսպո, որին առանձին տաղավարով ներկայացվել է Շիրակի մարզի ներդրումային և տնտեսական հնարավորությունները:
Շիրակի տնտեսական և ներդրումային հնարավորությունները անցկացված շնորհանդեսին ներկայացրել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունելով՝ մարզպետի տեղակալը նշել է, որ անչափ կարևոր է Համաշխարհային հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի գաղափարը, որը յուրաքանչյուր մարզի հնարավորություն է տալիս ներկայացնելու սոցիալական և տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնություններն ու ներդրումային հնարավորությունները, առկա ներուժը և, իհարկե, այն տեսլականը, որով կարելի է նոր նշաձող սահմանել, ներքին կարողություններն ու սփյուռքի հնարավորությունները մեկտեղելով ճանապարհային քարտեզ նախանշել և առաջ շարժվել․ «Շիրակի մարզը զարգացման հեռանկարներ ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, մեծ է նաև նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության կապիտալիզացման հնարավորությունը։
Մանրամասնելով ասեմ՝ Շիրակն ունի զգալի գյուղատնտեսական ներուժ՝ շնորհիվ բերրի հողերի: Գյուղատնտեսությունը մարզի համախառն ներքին արդյունքում ունի առավել մեծ տեսակարար կշիռ։ Շիրակը տասնամյակներ շարունակ համարվել է հացահատիկի և կարտոֆիլի շտեմարան։ Այժմ էլ արվում է հնարավորը ոլորտի արդիականացման, նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Կառուցվում են խելացի անասնաշենքեր, հիմնվում ինտենսիվ այգիներ և ջերմոցային տնտեսություններ, բանջարեղենի վերամշակման գործարաններ, գործում են ձկնաբուծարաններ և թռչնաբուծարաններ։ Բոլորովին վերջերս կառավարության աջակցությամբ մարզում մեկնարկել են խեցգետնաբուծական գործարանի կառուցման աշխատանքները։
Մարզի արդյունաբերության մեջ առաջատար դիրք է զբաղեցնում թեթև արդյունաբերությունը:
Մեծ է Շիրակի զբոսաշրջային գրավչությունը, մարզի գրեթե բոլոր բնակավայրերը նյութական և ոչ նյութական պատմամշակութային ժառանգության օրրաններ են։
Մարզում ավելի քան 2300 պատմական հուշարձան կա, որոնց շարքում առանձնահատուկ են Երերույքի՝ վաղ քրիստոնեական շրջանի տաճարը, ինչն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում, Մարմաշենի և Հառիճի վանական համալիրները։
Ինչ խոսք, առանձին կարելի է ներկայացնել Գյումրին իր պատմական միջուկով, որտեղ շուրջ 1 200 հուշարձան շենքեր կան։
Դեռևս չօգտագործված ներուժի տեսանկյունից պակաս կարևոր չէ Շիրակի հյուսիսը որպես ձմեռային և էքստրեմալ տուրիզմի կենտրոն։ Իսկ հյուսիսի մարգարիտը՝ բնական ռեսուրսների տեսանկյունից, Արփի լիճ ազգային պարկն է, իր բուսական և կենդանական անկրկնելի բազմազանությամբ, ինչը նաև գիտական հետազոտությունների աղբյուր է։ Այստեղ կարելի է հանդիպել ֆլորայի ու ֆաունայի այնպիսի ներկայացուցիչների, որոնք գրանցված են Կարմիր գրքում։
Շիրակի մարզը մեծ ներուժ ունի նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների բնագավառում։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը միջազգային ու տեղական բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների և նրանց մասնաճյուղերի է հյուրընկալել հարկի տակ, որտեղ բնագավառի ամենաարդիական և նորարար նախաձեռնություններն ու ծրագրերն են իրականություն դառնում։
Շիրակի մարզի մասին դժվար է հակիրճ խոսել, հետևաբար բոլորիդ հրավիրում եմ Շիրակ՝ հյուրասիրության, հումորի, սպորտի և մշակույթի, լավագույնս պահպանված ավանդույթների օրրան։Շիրակում Ձեզ սիրով են սպասում»։
Նշենք, որ Շիրակի մարզի տաղավարում հյուրընկալվել են ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սփյուռքի և տեղի բազմաթիվ հյուրեր։
Էքսպոյի նպատակն էր գագաթնաժողովի մասնակից հայկական սփյուռքի գործարար շրջանակներին և հյուրերին ներկայացնել Հայաստանի մարզերի տնտեսական և ներդրումային հնարավորությունները, խթանել սփյուռքահայ գործարար շրջանակների և մարզային իշխանությունների միջև կապի ստեղծմանն ու ամրապնդմանը և տնտեսական զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41