Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
21.09.2024
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։
Բազմադարյա պատմություն ունեցող մեր ժողովուրդն անկախության արժեքը գիտի սրտի զարկով, ոգու կանչով, մաքառումի, պայքարի ու կերտումի անցած ճանապարհով, գիտի և գիտակցում է անկախության արժեքն ու դրա պահպանման համար սերունդների արած զոհողություններն ու սխրանքները։
Անկախության գիտակցումը որքան էլ գերարժեք ու նպատակ է, իրականում այն բացառիկ հնարավորություն է սերունդներին աշխարհում մրցունակ ու բարեկեցիկ երկիր կառուցելու համար։
Հայաստանի 33-ամյա Հանրապետությունը բազմաթիվ մարտահրավերներով, փորձություններով ու պատերազմներով է անցել, երբ անցնող յուրաքանչյուր օրը մեր հայրենիքի ազատությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու ու պաշտպանելու անհրաժեշտություն է եղել և մինչ օրս էլ այդ բովով է անցնում։
Փառք հայրենիքի համար ընկած հերոսներին, խոնարհում նրանց հիշատակի առջև։
Նրանց զոհաբերությունն ու պայքարը անհետք չի մնա, եթե մենք անդուլ աշխատանքով, հաստատակամությամբ ու վճռականությամբ լծվենք հայրենիքը շենացնելու գործին։
Հայի կամքի, հավատի ու համախմբվածության շնորհիվ ձեռք բերած անկախությունը պետք է ամրապնդենք ձեռքբերումներով ու երկրի զարգացումով, քանզի ցանկացած մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելի է դառնում, երբ կա հավաքական միասնություն։ Ուստի, չպետք է խնայենք մեր միտքը, մեր սերն ու ջանքերը և վերջապես մեզ` հոգ տանելով հայրենի երկրի ամեն մի քարի ու թփի մասին։
Հարգելի ՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ հաջողություն, հաստատակամություն, խաղաղ երկրում արարելու ու ապրելու երջանկություն։